Մատչելի հղումներ

Մոսկվան պահեստային իրավապահ զորախումբ է ձևավորել Լուկաշենկոյի համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Կրեմլը ստեղծել է պահեստային ոստիկանական ուժերի խմբավորում ՝ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին սատարելու համար:

Նա տեղեկացրել է, որ այդ ուժերը չեն տեղակայվի Բելառուսում, քանի դեռ անկարգությունները դուրս չեն եկել վերահսկողությունից: Պուտինն այսպիսով հաստատում է, որ նման զորախումբ ստեղծելու խնդրանքով իրեն է դիմել անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Իր հերթին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը պայմանավորվել է Պուտինի հետ 1 միլիարդ դոլարի համարժեք բելառուսական պարտքի վերաֆինանսավորման մասին, որի շուրջ հետագա քննարկումները կընթանան երկրների վարչապետների միջև:

Ռուսսստանի ու Բելառուսի նախագահների հեռախոսազրույցին զուգահեռ Բելառուսում այս ընթացքում շարունակվում են խաղաղ բողոքի ցույցերը: Ցուցարարները պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացում՝ անցած վերջին ընտրությունները որակելով կեղծված: Ուժայինները շարունակում են բերման ենթարկել խաղաղ ցուցարարների: Օգոստոսի 27-ին Մինսկում ընթացող ցույցի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 ցուցարարների:

Օգոստոսի 26-ին Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը կրկին պահանջեց հետաքննել նախագահական ընտրություններից հետո Մինսկում խաղաղ ցուցարարների դեմ ուժայինների կողմից իրականացված հանցագործություններն ու անօրինական ուժի կիրառումը: Այս օրերին Բելառուսի քննչական մարմինները հարցաքննում էին համակարգող խորհրդի անդամներին, այդ թվում ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչին:

Հինգշաբթի օրը Լուկաշենկոն հայտարարեց, որ պատրաստ է երկխոսել «աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների և ֆերմերների հետ» ու բացառեց որևէ երկխոսություն բողոքի ցույցի մասնակիցների հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG