Մատչելի հղումներ

 
Հանրապետականների համագումարում փոխնախագահ Փենսն ընդունեց իր թեկնածության առաջադրումը

Հանրապետականների համագումարում փոխնախագահ Փենսն ընդունեց իր թեկնածության առաջադրումը


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ընդունեց երկրորդ ժամկետի համար առաջադրումը երրորդ օրն ընթացող Հանրապետական կուսակցության համագումարում, որը մեծ մասամբ անցնում է առցանց ռեժիմով

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հանրապետական կուսակցության համագումարին ելույթ ունեցավ Բալթիմորում գտնվող Ֆորտ Մաքհենրիից, որը խորհրդանշում է 1814 թ-ի նշանավոր ճակատամարտի վայրը:

Իր խոսքում նա երախտագիտություն հայտնեց նախագահ Դոնալդ Թրամփին ու Հանրապետական կուսակցությանը իրեն վստահելու ու աջակցելու համար և ընդունեց փոխնախագահի առաջադրումը:

Հնչեցին հայրենասիրական հայտարարություններ, ինչպես նաև ոստիկանական ուժերին աջակցելու խոսքեր: Բանախոսները նրանց անվանում են ‘’հերոսներ, ովքեր հակադարձում են անկարգություններին ու բռնությանը’’:

Քննադատության հիմնական թիրախում են Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ՝ Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը:

Ելույթ ունեցող վետերան ոստիկան Մայքլ Մաքհեյլն ասում է, որ Թրամփը փորձում է լուծումներ գտնել՝ ստեղծելով ազգային նոր չափորոշիչներ, որոնք ոստիկանությանը կտրամադրեն նոր գործիքակազմ` առանց բռնի ուժի կիրառման խնդիրները կարգավորելու համար:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հայտարարել էր, որ չի աջակցում ոստիկանության ֆինանսավորման կրճատման գաղափարը՝ ընդգծելով սակայն, որ անհրաժեշտ է ավելի շատ միջոցներ տրամադրել համայնքային իրավապահ համակարգին և մտավոր խնդիրների հետ կապված հարցերին: Նրա կարծիքով ոստիկանական ստորաբաժանումներն ունեն ավելի մեծ օգնության կարիք:

Հանրապետականների համագումարում ելույթ ունեցան նաև զինվորական վետերանները, ովքեր ևս իրենց աջակցությունը հայտնեցին Թրամփին:

Բացի այդ, չինացի այլախոհ Չեն Գուանգչենգը մեղադրեց Բայդենին Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը խաղաղեցնելու փորձի մեջ:

Ինչպես նախորդ օրերին, համագումարի ընթացքում,, ելույթ ունեցան Թրամփի ընտանիքի անդամները: Այս անգամ իր խոսքը հնչեցրեց նրա որդու կինը` Լարան: Ելույթ ունեցավ նաև փոխնախագահ Փենսի տիկինը: Քերեն Փենսը դպրոցի ուսուցչուհի է:

Համագումարի ընթացքում փոխնախագահ Փենսը ևս քննադատեց Բայդենին՝ ընդգծելով, որ եթե վերջինս ԱՄՆ-ը տեսնում է խավարի մեջ, ապա հանրապետականները գերադասում են կենտրոնանալ երկրի հզորության վրա:

Հանրապետականների համագումարը մոտենում է իր եզրափակիչ փուլին: Նախատեսվում է, որ համագումարի վերջին օրը ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա նախագահ Դոնալդ Թրամփի վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG