Մատչելի հղումներ

Թուրքիային հակառակ` Հունաստանը մտադիր է ընդլայնել ծովային իր տարածքները


Թուրքիայի հետ Միջերկրական ծովում տարածքային վիճաբանության կիզակետում Հունաստանը հայտարարում է, թե որոշել է ընդարձակել Հոնիական ծովում իր սահմանները: Այսպիսով Աթենքը բռունցք է ցույց տալիս Անկարային, որը մտադրվել է Կրետե եւ Կիպրոս կղզիների միջեւ ընկած միջերկրածովյան տարածքում սկսել գազի պաշարների համար հորատման աշխատանքներ:

Հոնիական ծովում Հունաստանի սահմանները, որոնք այժմ ձգվում են մինչեւ 6 մղոն, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքերով ընդարձակվելու են մինչեւ 12 մղոն, մոտավոր հաշվարկով 11 կիլոմետրից մինչեւ 22-ի: Վարչապետն ասել է, թե որոշման բանաձեւը շուտով քննարկման է դրվելու խորհրդարանում:

Թուրքիան հայտարարում է, որ նման քայլը կդիտարկվի որպես 'causus belli', թարգմանաբար` պատերազմի պատճառ, երբ սովորաբար Անկարան է վերջին տարիներին սիրում ցուցադրել բռունցք:

Հունաստանում օրենսդիրներն այսօր զբաղված են բուռն ու լարված քննարկումներով, որոնք պիտի հաստատեն կամ մերժեն Հունաստանի ու Իտալիայի միջեւ ծովային տարածքների մասին կնքված համաձայնագիրը: Ըստ հունիս ամսին կնքված այդ համաձայնագրի, Աթենքն ու Հռոմը հաստատում են բացառիկ տնտեսական գոտի ու լուծում Հոնիական ծովում միմյանց միջեւ երկար տարիներ տեւած ձկնորսական իրավունքի շուրջ վեճը:

Իտալիայի հետ համաձայնագրից զատ Հունաստանն այս պահին քննարկում է Եգիպտոսի հետ նման մի համաձայնագիր: Դա ավելի է խորացնում Թուրքիայի վիշտը հատկապես այն պատճառով, որ ըստ Հունաստանի, Ծովի մասին օրենքի համաձայն, ինքը, ինչպես եւ առափնյա որեւէ պետություն ունի ջրային իր սահմանները մինչեւ 12 մղոն ընդարձակելու իրավունք: Սակայն Թուրքիան, որը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի այս որոշմանը, հայտարարում է, թե օդային տարածքի վեց մղոնը պիտի վերաբերվի նաեւ ջրային տարածքին: Հակառակ Էրդողանի սպառնալիքներին, Հունաստանը հայտարարում է, թե ոչինչ չի կարող Հունաստանին հետ պահել այդ քայլից:

Վերադառնալով հարցերն ուժով լուծելու Թուրքիայի վերջին տարիների նկրտումներին, ասենք, որ Եվրոպական միությունը դրան նայում է անհանգստությամբ:

‘’Եվրամիությունը պետք է վերանայի Թուրքիայի հետ իր հարաբերությունները’’, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը` նկատի ունենալով Միջերկրական ծովում տիրող լարված իրադրությունը:

XS
SM
MD
LG