Մատչելի հղումներ

 
Թրամփն ու Բայդընը Հյուսիսային Կորեայի հարցում ունեն իրար լիովին հակասող տեսակետներ

Թրամփն ու Բայդընը Հյուսիսային Կորեայի հարցում ունեն իրար լիովին հակասող տեսակետներ


Դոնալդ Թրամփը փոխեց Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում առկա ուղղությունը:

Սակայն ընտրություններում նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընը խոստանում է ավելի ավանդական մոտեցում ԱՄՆ-ի հակառակորդ երկրների հետ:

‘’Որպես ԱՄՆ-ի նախագահ ես կանգնելու եմ մեր դաշնակիցների ու բարեկամների կողքին եւ հստակ ուղերձ եմ հղելու մեր հակառակորդներին, որ բռնակալների հետ հարմարվելու ժամանակներն անցել են’’, ասել է Բայդընը:

Նա ասել է նաեւ, թե առանց նախապայմանների հանդիպումներ չի ունենալու Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ: Բայդընի հետ փոխնախագահի պաշտոնի համար պայքարող Քամալա Հարիսն ասել է, թե ինքն էլ ‘’սիրային նամակներ’’ չի հղելու Կիմին:

Որեւէ հանդիպում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ այսուհետ կունենա առավելագույնը աշխատանքային մակարդակ: Իսկ գագաթաժողովները կողմերի միջեւ Բայդընի օրոք կվերանան:

Ինչպես Յոնսեյի համալսարանի դասախոսներից Բոնգ Յոնգ Շիքն է ասում, իրադրությունը կնմանվի Օբամայի կառավարման տարիներին: Իսկ դա, ըստ նրա, ‘’ծխի միջոցով Հյուսիսային Կորեային անցքից դուրս բերելու քաղաքականությունն է’’:

Սակայն չէ որ Հյուսիսն այսօր արդեն ունի միջուկային լուրջ ծրագրեր: Նման դեպքերում կարծր դիրքորոշումները մեղմվում են, ասում են վերլուծաբանները:

‘’Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք ու միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք ունեն մինչեւ ԱՄՆ-ի որոշ տարածքներ ու Արեւելյան Ասիայում ամերիկյան բազաներին հասնելու կարողություն’’, ասում է վերլուծաբանն ու ավելացնում, որ հիմա պետք է ամեն ինչ անել Հյուսիսի մատը միջուկային զենքի կոճակից հեռու պահելու համար:

Թրամփին դա որոշ չափով հաջողվել էր ու Հյուսիսային Կորեան գագաթաժողովները սկսվելուց ի վեր դադարեցրել էր միջուկային փորձարկումներն ու հրթիռների արձակումը: Սակայն արդեն երկար ժամանակ է Փհենյանը հրաժարվում է բանակցել:

Թրամփը հավաստիացնում է, որ իր ընտրվելուց հետո խնդիրը փակուղուց դուրս կգա:

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերություններում նոր շարժ կարող է արձանագրվել տարբեր ուղղություններով: Ինչպես փորձագետներն են ասում, կարող են սկսվել նոր բանակցություններ, կամ կողմերը կարող են անցնել ‘’միմյանց հրի մատնելու’’ նախկին սպառնալիքների եղանակին, կամ էլ հարցը կմնա փակուղու մեջ, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ:

XS
SM
MD
LG