Մատչելի հղումներ

Բլեյքը ստացել է ութ հրազենային վնասվածք. Ընտանիքի անդամներ


Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ ռասայական խտրականության, որոնք սկիզբ առան ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Յակոբ Բլեյքի նկատմամբ հրազեն օգտագործելուց հետո

29-ամյա Բլեյքը ստացել է լուրջ հրազենային վնասվածքներ: Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է նրա հայրը, Բլեյքի մարմնի վրա հայտնաբերվել են ութ հրազենային վնսավածքներ: Ընտանիքի անդամների հաղորդմամբ Բլեյքն այս պահին պարալիզացված է: Բժիշկները վստահ չեն կվերականգնվի նա, թե ոչ:

Միջադեպին հաջորդեցին բողոքի ցույցերն ու բախումները ոստիկանության հետ: Դրանք ուղեկցվեցին բռնություններով և վանդալիզմի դեպքերով: Ցուցարարները հրդեհում էին փողոցում կայանած ավտոմեքենաները, իսկ իրավապահները կիրառեցին արցունքաբեր գազ: Երկուշաբթի օրը քաղաքում անցան բազմամարդ բողոքի ցույցեր ընդդեմ ոստիկանության գործողությունների ու ռասայական խտրականության՝ չնայած այն փաստին, որ քաղաքային իշխանությունները նախորդ գիշերվա բախումների հետևանքով հայտարարել էին արտակարգ դրություն:

Ոստիկանության Քենոշայի բաժնից հայտնում են, որ ոստիկանների ներգրավմամբ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը ժամը 17:00 -ի մոտ: Ըստ ոստիկանության բաժանմունքի՝ ոստիկանները «շտապ օգնություն» են ցուցաբերել Բլեյքին, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ականատեսների վկայությամբ նախքան կրակ արձակելը, ոստիկանության սպաների ու Բլեյքի միջև սկսվել է քաշքշուք, որի ժամանակ ոստիկանները բռունցքով հարվածել են Բլեյքին ու նրա նկատմամբ կիրառել հատուկ միջոցներ: Երբ վերջինս բացել է ավտոմեքենայի դուռը, սպաներից մեկն, ըստ ականատեսի, քաշել է նրա վերնաշապիկից և կրակ բացել: Հրապարակված տեսանյութում կարելի է լսել յոթ կրակոցի ձայն:

Ոստիկանության պնդմամբ կրակ արձակած իրավապահները արձագանքել էին միջադեպի մասին հաղորդմանը, բայց այլ մանրամասներ չեն հաղոդվում այն մասին, թե ինչն է հանգեցրել զենքի կիրառմանը: Չկան հաղորդագրություններ ներգրավված ոստիկանների թվի մասին, չեն հրապարակվում նրանց անունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG