Մատչելի հղումներ

Կալիֆորնիան պայքարում է ընդդեմ հրդեհների ու կորոնավիրուսի


Կալիֆորնիա նահանգը պայքարում է ընդդեմ անտառային հրդեհների, պայքար, որին միացել է ավելի քան 12 հազար հրշեջ: Մի քանի օրվա ընթացքում հրդեհներին զոհ է գնացել վեց մարդ: Ինչպես նահանգապետ Գեյվին Նյուսըմն է ասել, Կալիֆորնիան օգնություն է ստանում մի քանի այլ նահանգներից, ինչպես նաեւ օգնություն է խնդրել Կանադայից ու Ավստրալիայից: Նրա խոսքերով, ‘’այս հրդեհի դեմ պայքարը վեր է միայն մեր ուժերից’’:

Բռնկված 560 հրդեհներից մի քանիսը չեն ունեցել իրենց մեծությամբ նախադեպն այստեղ: Հրդեհները բռնկվել են ավելի քան 12 հազար կայծակների հարվածներից, երբ նահանգում սկսվել է չոր եղանակի սեզոնը:

Ըստ պաշտոնատար անձանց, հրդեհները մեկ օրվա ընթացքում չորության պատճառով կրկնապատկում են իրենց ծավալը: Մինչ այժմ ավելի քան 175 մարդ է էվակուացվել: Նահանգապետը հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին այստեպ հայտարարել աղետի գոտի:

Ամենամեծ հրդեհները տարածվում են Սան Ֆրանցիսկոյի շրջանում: Ամենադժվարը թեք տարածքներն են, ուր հրշեջների համար դժվար է հասնելը:

Կալիֆորնիան, որն ԱՄՆ-ում ունի կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ թիվը` 650 հազար, մտահոգված է նաեւ այս հիվանդության տարածման արագության մեծացման հնարավորությամբ, քանի որ մարդիկ ստիպված են լինելու մնալ ժամանակավոր ու մեծ թվով մարդկանց ընդունող կացարաններում:

XS
SM
MD
LG