Մատչելի հղումներ

Հարցական է, թե կենդանի մնալու դեպքում Նավալնին առողջական ինչ խնդիրներ կունենա


Ռուսաստանի ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող օդանավը սիբիրյան Օմսկ քաղաքից հասել է Գերմանիա: Նա շարունակում է մնալ կոմայի մեջ: Նավալնիի աջակիցներն ու գործընկերները կասկածում են, որ նրան թունավորել են թեյի մեջ թույն լցնելու եղանակով: Մինչեւ Տոմսկից Մոսկվա ուղեւորվող օդանավը նստելը, օդանավակայանի սրճարանից նա գնել է թեյ: Դրանից հետո ոչինչ չի կերել կամ խմել:

Օմսի հիվանդանոցի բժիշկները միայն երկար բանակցություններից հետո թույլ տվեցին, որ Նավալնիին տեղափոխեն Գերմանիա: Մինչ այդ պնդում էին, որ նա չափազանց թույլ է նման ուղեւորության համար: Դա ստիպում էր հարազատներին ու աջակիցներին հայտարարել, թե բուժանձնակազմը դիտավորյալ կերպով էր հետաձգում ուղեւորությունը:

Գերմանական ոչ պետական Կինոթատրոն խաղաղության համար կազմակերպության ֆինանսական հատկացումների շնորհիվ իրականացված այս թռիչքն ավարտվեց Բեռլինի Թեյգելի օդանավակայանում: Նավալնին այժմ գտնվում է մայրաքաղաքի Շարիթիի հիվանդանոցում: Կազմակերպության հիմնադիրն ասել է, թե Նավալնիի առողջական վիճակը ‘’շատ անհանգստացուցիչ է’’:

‘’Խոսքը միայն կյանքի փրկության մասին չէ: Հարց է նաեւ, թե կենդանի մնալու դեպքում ինչ հետեւանքներ կթողնի այն եւ թե արդյոք նա կկարողանա լիովին վերականգնվել’’, ասել է նա:

Նավալնիի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլեւային թույլ չէին տվել Ռուսաստանի հիվանդանոցում տեսնել Նավալիին: Սակայն նա ասել է, թե հույս ունի, որ Գերմանիայում Նավալնին կկազդուրվի:

Բժիշկները նախապես ասել էին, թե իրենք որեւէ թույն չեն հայտնաբերել Նավալնիի օրգանիզմում, ու ենթադրել էին, որ նրա վիճակը բարդացել է արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառով: Սակայն նրանք ավելի ուշ նկատել էին արդյունաբերական քիմիական նյութի փոշի նրա մաշկի ու մազերի վրա:

Ալեքսեյ Նավալնիին, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենասուր քննադատներից է, մի քանի անգամ են ազատազրկել Ռուսաստանում: Այդ պատճառով են նրա աջակիցները ենթադրում, որ նրան դիտավորյալ թունավորել են:

Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ են իրենց մտահոգությունը հայտնել կատարվածի կապակցությամբ: Նրանց շարքում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդընն ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում, ինքը ‘’պայքարելու է ընդդեմ Պուտինի պես ինքնակալ ղեկավարների’’:

XS
SM
MD
LG