Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ընտրություններ. Բայդենը կենտրոնացել է համավարակի, Թրամփը՝ տնտեսության վրա


Հինգշաբթի օրը Ջո Բայդենն ընդունեց Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու պաշտոնական առաջարկը: Նախկին փոխնախագահը թիրախավորում է հանրապետականների կորոնավիրուսի դեմ վարած քաղաքականությունը՝ այն դարձնելով գալիք ընտրությունների հիմնական խնդիր

Դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնական թեկնածու դառնալուց հետո Ջո Բայդենն իր հիմնական քննադատությունը նախագահ Թրամփի հասցեին կենտրոնացրեց կորոնավիրուսի համավարակի դեմ նախագահի որդեգրած քաղաքականության հանդեպ, որն ըստ Բայդենի, ձախողված է: Բայդենն ընդգծում է՝ առանց համավարակը հաղթահարելու հնարավոր չէ վերականգնել երկրի տնտեսությունն ու բոլոր ոլորտների նորմալ գործունեությունը: Համագումարի իր ելույթում նա խոստացավ, որ ընտրվելու պարագայում զարկ կտա հակահամաճարակային միջոցառումներին՝ համաճարակը հաղթահարելու համար:

Այն նաև կրկին բարձրացրել է մի շարք լուրջ խնդիրներ, որոնց թվում է ռասայական անհավասարության հետ կապված խնդիրները, քանի որ համավարակից տուժել են առաջին հերթին էթնիկ փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ: Փոխնախագահի թեկնածու Քամիլա Հարիսի կարծիքով, դա պատահական չէր, այլ կառուցվածքային ռասիզմի արդյունք է:

Իրենց ելույթներում համագումարի բանախոսները խիստ քննադատության ենթարկեցին գործող իշխանություններին ու հատկապես նախագահ Թրամփին` վերջինիս որակելով ոչ կոմպետենտ գործիչ, ով ունակ չէ արդյունավետ առաջնորդելու երկիրը:

Իր հերթին նախագահ Թրամփը իր քարոզչության հիմնական շեշտը դնում է՝ ով ավելի լավ կվերականգնի տնտեսությունը հարցի վրա: Նախագահը Բայդենին ու դեմոկրատներին որակում է որպես սոցիալիստներ, որոնց նպատակն է բարձրացնել հարկերը և գլոբալիստների հետ ամերիկյան տնտեսական ներուժը դուրս բերել երկրից: Նա ընդգծում է, որ իր կողմնակիցների հետ հանդես է գալիս որպես պատնեշ, որը թույլ չի տալիս ոչնչացնել աշխարհի ամենահզոր երկիրը:

Դեմոկրատների համագումարի ընթացքում հնչեցին նաև կոչեր համախմբման և էթնիկ բազմազանության ապահովման մասին, սակայն վերլուծաբանների կարծիքով այս ընտրություններն ամենայն հավանականությամբ կվերածվեն Դոնալդ Թրամփի վստահության հանրաքվեի, որտեղ հիմնական հարցը համավարակն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG