Մատչելի հղումներ

Բելառուսում ոստիկանները դիմում են ուժի. Իսկ այն, որ ժողովուրդը դա ոչ մոռանում է, ոչ էլ` ներում, փաստ է


Բելառուսում ոստիկանները չորեքշաբթի օրն արդեն սկսել էին ցրել այստեղ շարունակվող ցույցերը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ օգոստոսի 9-ից շարունակվող ցույցերը ցրելու առաջին գործողությունները սկսվեցին տրակտորի պետական գործարանից, երբ ցուցարարները վանկարկում էին ‘’դատաստան’’ կոչը:

Նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը ցրելու եւ իր խոսքերով ասած, ‘’կարգ ու կանոնը’’ վերականգնելու հայտարարությամբ է Լուկաշենկոն հանդես եկել հեռուստատեսությամբ, որի աշխատակիցներից մի քանիսը միացել էին համընդհանուր գործադուլին: ‘’Այդ աշխատակիցներն այլեւս չեն ստանա իրենց աշխատանքը’’, ասել է ընտրությունները կեղծելու մեջ ժողովրդի կողմից մեղադրվող նախագահը: Բելառուս լրագրողների տեղերը լրացնելու են ռուս լրագրողներ:

Լուկաշենկոն ցույցերն արգելելու մասին հրաման արձակեց այն բանից հետո, երբ Եվրոպական միության առաջնորդները վիրտուալ արտակարգ գագաթաժողովի ժամանակ հրապարակեցին հայտարարություն այն մասին, որ Բելառուսի նախագահական ընտրույունները ոչ ազատ էին, ոչ էլ` արդար: Ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ասաց, ‘’Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքը’’: Այն նաեւ դատապարտում է ցուցարարների դեմ կիրառվող բռնություններն ու ձերբակալությունները: Եվրամիությունը նաեւ կոչ է անում սկսել երկխոսություն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ:

Սակայն այս պահին Մինսկում տեղակայվում են անցակետեր:

Ավելի վաղ ընդդիմության առաջնորդ եւ ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանոսվկայան էր դիմել Եվրամիությանը ընտրությունները չճանաչելու եւ ‘’բելառուսների զարթոնքը’’ պաշտպանելու կոչով: ‘’Լուկաշենկոն մեր ժողովրդի առջեւ կորցրել է ամբողջ լեգիտիմությունը’’, ասել է Տիխանովսկայան, որը ընտրություններից հետո, մինչեւ Լիտվա փախուստի դիմելը, մի քանի ժամ պահվել էր կալանատանը:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էնն Լինդեն, որպես ԵԱՀԿ-ի եկող նախագահ, առաջարկել է այց կատարել Մինսկ: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Լուկաշենկոյին խոստացել է անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն, հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Մերքելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ ու նախազգուշացրել ‘’Ռուսաստանի դաշնակից Բելառուսի’’ ներքին գործերին միջամտելու փորձերի դեմ: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս նաեւ կոչ է արել, որ իշխանություններն ու ընդդիմությունը սկսեն երկխոսություն:

Իսկ Լուկաշենկոն զորամիավորումներ է տեղակայել իր արեւմտյան սահմաններին, իբր նրանցից իր երկիրը պաշտպանելու համար: Լուկաշենկոն այժմ հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնց նպատակն իշխանությունը զավթելու մեջ ընդդիմությանը մեղադրելն է:

‘’Ռուսաստանի կողմից ռազմական որեւէ ներխուժում դեպի Բելառուս կդառնա իրադրությունն է՛լ ավելի սրելու պատճառ’’, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը: Իսկ երբ Մերքելը զանգահարել է Լուկաշենկոյին, վերջինս հրաժարվել է պատասխանել նրա զանգին:

Լուկաշենկոն, որը վերջերս հակադրվել էր Պուտինի հետ տնտեսական ու քաղաքական ավելի սերտ կապեր հաստատելու հարցի շուրջ, այժմ ստիպված է կատարել Մոսկվայի կամքը: Դա արդեն իսկ կանխատեսում էին քաղաքական վերլուծաբանները` նշելով, որ ոչ լեգիտիմ նախագահ ունենալու հանգամանքը կարող է ստիպել Մինսկին գնալ Մոսկվայի նշած ուղով:

Եվ ահա: Ռուսաստանի ու Բելառուսի վարչապետները հեռախոսային զրույցի ընթացքում համաձայնվել են ‘’է՛լ ավելի սերտացնել մի շարք բնագավառներում միմյանց միջեւ առկա հարաբերությունները’’:

Սա է ոչ լեգիտիմ իշխանություններ ունեցող երկրի ճակատագիրը:

XS
SM
MD
LG