Մատչելի հղումներ

Լուկաշենկոյի վերջի սկիզբն ու ընթացքը


Երբ իրեն անհաղթ ու անփոխարինելի համարող որեւէ երկրի նախագահ փողոցում լեզվակռվի մեջ է մտնում սովորական քաղաքացու հետ, շատերի համոզմամբ ընդգծում է տվյալ նախագահի անելանելի իրավիճակը եւ այն, որ այդ նախագահը գիտակցում է, որ ինքը գտնվում է նման իրավիճակում: Որեւէ մեկը մինչեւ վերջերս չէր կարող պատկերացնել անգամ, որ Բելառուսի նախագահը կարող էր փողոցում վիճել հասարակ մի բանվորի հետ, ինչպես պատահեց տրակտորի պետական գործարանի առջեւ:

Երբ բանվորներից մեկը բացականչեց ‘’ինքնասպան եղիր, սպա’’, Լուկաշենկոն չկարողանալով մնալ հավասարակշռության մեջ, մոտեցավ նրան ու ասաց. ‘’Մի մտահոգվեք, ես ձեզ չեմ ծեծի’’: Բանվորը ընդգծված հեգնական եղանակով պատասխանեց, ‘’Ի~նչ եք ասում’’: ‘’Սակայն, եթե ինչ որ մեկը սադրանքների դիմի այստեղ, մենք կարող ենք շատ խիստ լինել’’, ասաց Լուկաշենկոն ու բացականչեց, ‘’իջեցրու հեռախոսդ’’: Այստեղ տեսագրությունն ավարտվեց ինչ որ քաշքշուկի պատճառով: Սակայն բանվորի հեգնական խոսքը բավական էր աշխարհով մեկ հայտարարելու համար, որ Լուկաշենկոն առայժմ բարոյապես արդեն տապալված է:

Մինչ այդ Լուկաշենկոն սուլոցների ու ‘’հեռացիր’’ կոչերին էր արժանացել պետական գործարանում, երբ հավատում էր, որ այստեղ պիտի ստանար մեծ աջակցություն: Սա էլ խոսում է այն մասին, որ Բելառուսի նախագահը կորցրել է իրականության հետ կապը, ինչը պատահում է տապալումներից առաջ:

Լուկաշենկոն ու նրա վարչակարգն այժմ կանգնած են Եվրամիության պատժամիջոցների առջեւ, Վաշինգտոնն ու Եվրոպական միությունը հորդորում են, որ Ռուսաստանը չխառնվի բելառուսական խնդրին:

Լուկաշենկոյի իշխանության դեմ ելած ընդդիմության երեք առաջնորդներից միակը, որը մնացել է Բելառուսում, կոչ է անում Արեւմուտքին չճանաչել նրան որպես երկրի նախագահ: Մարիա Կոլեսնիկովան հայտարարում է, որ տարածվող գործադուլների ալիքը պահանջում է ժամանակ, որպեսզի Լուկաշենկոյին հեռացնի պաշտոնից: ‘’Եթե 26 տարի նա հենվում էր գործարանների բանվորների աջակցության վրա, ապա այսօր այդ աջակցությունը փլուզված է’’, հայտարարում է Կոլեսնիկովան ու նշում. ‘’Լուկաշենկոյի իշխանությունը փլուզվում է բոլորիս աչքի առջեւ’’:

Հաջորդ քայը, ասում է նա, պիտի անեն քաղաքական վերնախավն ու անվտանգության մարմինները: ‘’Հենց նրանք միանան ժողովրդին ու հրաժարվեն կատարել հանցավոր հրամաններ, ռեժիմը կտապալվի’’, ասում է նա:

Իսկ որքան արագ դա տեղի ունենա, այնքան ավելի խաղաղ կլինի իշխանության փոխանցումը: Սա են պնդում ընդդիմության առաջնորդները, ‘’եւ Լուկաշենկոն այդքան էլ արագ կանցնի թոշակի’’, ասում են նրանք:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Լուկաշենկոն կարող է անտեսել ժողովրդի աճող պայքարը ու ընտրությունները կրկնելու պահանջը: Այդ դեպքում բողոքի ալիքն այստեղ կուժգնանա, ժողովրդական խմբերը կգրոհեն կառավարության շենքերը, Լուկաշենկոն կկանգնի դատաստանի առջեւ, կամ կհասցնի ճողոպրել երկրից:

Երկրորդ տարբերակը ժողովրդի պահանջը լսելն է ու կատարելը: Այդ դեպքում նա նորից կտապալվի, քանի որ համատարած զայրույթը խոսում է այն մասին, որ նոր ընտրություններում նա հաստատ կպարտվի, իսկ կեղծելու հնարավորություն այլեւս չի ունենա:

Այնպես որ, Լուկաշենկոյի ճակատագիրը որոշված է. Նա պիտի հեռանա:

Իհարկե, եթե ժողովուրդը մնա իր պահանջին տեր` մինչեւ վերջ:

XS
SM
MD
LG