Մատչելի հղումներ

Դեմոկրատների առցանց համագումարի առաջին օրը


Արտակարգ ժամանակների համար աննախադեպ իրադարձություն ՝ սոցիալական լրատվամիջոցների հավաքույթ և հեռուստատեսային գալա, որը վարում էր հոլիվուդյան աստղ Էվա Լոնգորիա Բաստոնը: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը եկող մի քանի օրերի ընթացքում պիտի հաստատի երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածուին: Իսկ այդ թեկնածության թեկնածուն Ջո Բայդընն է:

Հեռատեսիլային եղանակով անցկացված միջոցառման առաջին օրն իհարկե խոսք գնաց երկիրը մասնատող ռասայական լարվածության մասին: Ինչպես մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուսերն ասաց, ‘’Ահա այստեղ էր, որ մի քանի շաբաթ առաջ Ջորջ Ֆլոյդի մահից հետո ամերիկացիները հավաքվեցին ու դիմակները դեմքին սկսեցին բողոք` ընդդեմ ոստիկանության արարքի’’:

Հեռատեսիլ համագումարը փորձում էր պահպանել իր բոլոր խորհրդանիշները, սակայն հանդիսատեսը հեռու էր, իսկ ելույթների մեծ մասը` նախապես տեսագրված: Իր տեսագրության մեջ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման ասում էր, որ ինքը լավ գիտի Ջո Բայդընին, որ Բայդընը խորապես պարկեշտ մարդ է, ու իր գործերում առաջնորդվում է հավատքով: ‘’Նա հիանալի փոխնախագահ է եղել: Նա գիտի, որ ամենակարեւոր խնդիրներից մեկը տնտենսությունը փրկելն է, համաճարակը հաղթահարելը ու երկիրն առաջնորդելը’’, հայտարարում էր Միշել Օբաման:

Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթելու համար դեմոկրատների համար շատ կարեւոր է ներկուսակցական միասնությունը ցույց տալու հանգամանքը, ինչն արվում է կուսակցության նախկին հավակնորդ, սենատոր Բերնի Սանդերսի մասնակցությամբ: Վերջինս խոսում է ‘’անցած հարյուր տարիների ընթացքում առողջապահական ամենածանր ճգնաժամի, տնտեսության փլուզման, ռասիստական պարբերական դրսեւորումների ու կլիմայական խնդիրների մասին: ‘’Բացի այն, որ ներկա նախագահը չունի այս խնդիրները լուծելու կարողություն, նա մեզ տանում է ավտորիտարիզմի ճանապարհով’’, ասում էր Սանդերսը:

Դեմոկրատների համագումարի ժամանակ կարեւոր էր նաեւ չափավոր հանրապետականների ու անկախ գործիչների աջակցությունը: Նրանցից Օհայո նահանգի նախկին կառավարիչ Ջոն Քեյսիքն ասում է, որ ինքն ամբողջ իր կյանքում եղել է հանրապետական: ‘’Սակայն դա հայրենիքի նկատմամբ իմ պատասխանատվությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այդ պատճառով է, որ այսօր մասնակցում եմ ա՛յս համագումարին’’, ասել է Քեյսիքը:

Իսկ ահա հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում է դեմոկրատներին իրենց նախապես տեսագրված ուղերձների համար:

‘’Հաջորդ հինգշաբթի օրը մենք հանդես ենք գալու իրական ելույթներով եւ մեր ասելիքն ասելու ենք ուղիղ կապով’’, ասել է Թրամփը Սպիտակ տնից, ինչը նրա քննադատները համարում են նախագահական պատմական նստավայրը քաղաքականացնելու քայլ:

Թրամփը պնդում է, որ ինքը չի ոտնահարում 1939 թվականին ընդունված Հեթչի ակտը, ‘’քանի որ այն, եթե արգելում է գործադիր մարմնի պաշտոնատար անձանց զբաղվել քաղաքականությամբ, ապա նախագահին ու փոխնախագահին դա անել թույլ տալիս է’’:

Երկու համագումարներն ունեն ոչ միայն իրենց թեկնածուներին հաստատելու, այլ նաեւ ընտրողների վրա ներգործություն թողնելու նպատակ ու կարողություն:

XS
SM
MD
LG