Մատչելի հղումներ

Ամերիկյան զորքերի մի մասը Գերմանիայից կհանվի ու կտեղաբաշխվի Լեհաստանում


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Լեհաստանի հետ կնքել է պաշտպանության հարցերով նոր մի պայմանագիր, ըստ որի Գերմանիայի ամերիկյան զորքերի որոշ ստորաբաժանումներ նորից կտեղակայվեն Լեհաստանում: Դրանով Լեհաստանում ամերիկացի զինվորականների թվակազմը կհասնի 5,500-ի: Ինչպես Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուս Բլասժակն է ասել, այդ թիվը, որեւէ վտանգի դեպքում, կարճ ժամանակահատվածում կարող է հասցվել 20 հազարի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում մեղադրել էր Գերմանիային` ՆԱՏՕ-ի նկատմամբ ֆինանսական իր պարտականությունները չկատարելու մեջ:

Անցյալ ամիս էր հայտարարվել, որ Գերմանիայից դուրս են բերվելու այստեղ տեղակայված ամերիկյան 38 հազար թվակազմով ուժերից 12 հազարը, որոնք Լեհաստանից զատ, տեղակայվելու են նաեւ Իտալիայում ու Բելգիայում:

Լեհաստանում այս պահին է տեղակայված ամերիկյան զորքերի 4,500 թվակազմ: Ինչպես հայտարարում են պայմանագիրը ստորագրած կողմերը, Գերմանիայից Լեհաստան կտեղափոխվի նաեւ ամերիկյան բանակի Հինգերորդ զորաբանակի գլխավոր կենտրոնակայանը:

XS
SM
MD
LG