Մատչելի հղումներ

Հարավային Կորեան պատրաստ է Ճապոնիայի հետ սկսել Երկրորդ աշխարհամարտի հետ կապված բանակցություններ


Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինը շաբաթ օրը հայտնել է Ճապոնիայի հետ պատմական տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների մասնակցելու պատրաստակամություն: Ելույթ ունենալով Երկրորդ աշխարհամարտի վերջին Ճապոնիայի կապիտուլիացիայի տարեդարձի կապակացությամբ` Մունն ասել է, թե Ճապոնիայի կառավարության հետ արդեն սկսվել են քննարկումներ այնպիսի հարցերում, որոնք ‘’կգոհացնեն պատերազմից տուժած անձանց’’: Հիշեցնենք, որ պատերազմում Ճապոնիայի պարտության արդյունքում էր ավարտվել 1910-ից մինչեւ 1945 թվականը տեւած Կորեական թերակղզու գաղութացումը:

‘’Բանակցություններ սկսելու դռները լիովին բաց են: Մեր կառավարությունը միշտ էլ պատրաստ է Ճապոնիայի կառավարության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար’’, ասել է Հարավային Կորեայի նախագահը:

Կողմերի միջեւ գլխավոր տարաձայնությունը վերաբերում է 2018 թվականին Հարավային Կորեայի գերագույն դատարանի կողմից ընդունված այն որոշմանը, որի համաձայն ճապոնական պողպատի մի գործարան վճարելու է պատերազմի ժամանակ հարկադիր աշխատանքի լծված մարդկանց փոխհատուցումները:

Ճապոնիան պնդում է, որ այդ որոշումը ոտնահարում է միջազգային օրենքները, քանի որ գաղութացման ժամանակաշրջանի հետ կապված փոխհատուցում ստանալու պահանջով բոլոր բողոքները կարգավորվել են երկու երկրների միջեւ 1965 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պայմանագրով:

Սեուլը պնդում է սակայն, որ դատարանի որոշումը պարտադիր իրագործելի է, քանի որ կայացվել է անկախ դատական իշխանությունների կողմից:

XS
SM
MD
LG