Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Ռուսաստանի առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք քննարկում են կովիդ 19 հիվանդության դեմ Ռուսաստանում ստեղծված պատվաստանյութին նախաորակավորում տալու գործընթացը:
Նախագահ Պուտինը երեքշաբթի օրը հայտարարեց, թե իր երկիրը դարձել է առաջինն աշխարհում, որը հաստատել է պատվաստանյութը, մարդկանց վրա երկու ամսից էլ կարճ ժամանակահատվածում փորձարկումներ իրականացնելուց հետո:
Սակայն ինչպես ԱՀԿ-ի խոսնակ Տարիկ Յասարեւիչն է ասում, ‘’որեւէ պատվաստանյութի նախաորակավորումը կանխատեսում է անվտանգության և արդյունավետության տվյալների մանրազնին քննում և գնահատում’’:
Ռուսական պատվաստանյութը դեռեւս պիտի անցնի փորձարկումների վերջին փուլը, ինչը մտահոգության ալիք է բարձրացնում այն փորձագետների շրջանում, որոնք վստահ են, որ Ռուսաստանում պատվաստանյութի հաստատումը տեղի է ունեցել հափշտապ: Իսկ ահա Ռուսաստանի ‘’Սիստեմա’’ խոշոր ընկերությունը հայտարարում է, թե այն զանգվածային արտադրության կհանվի մինչեւ տարեվերջ:
Պատվաստանյութը հաստատելով, ուղի է հարթվում այն բանի համար, որ Ռուսաստանում սկսվի զանգվածային պատվաստումների գործընթաց, ինչը երկրի իշխանությունների համոզմամբ, կնպաստի տնտեսության վերականգնմանը:
Պատվաստանյութն արտաքին շուկայի համար կկրի ‘’Սպուտնիկ’’ անվանումը, որպես խորհրդանիշ 1957 թվականին արձակված երկրագնդի առաջին արհեստական արբանյակի: Ինչպես պաշտոնատար անձինք են ասում, պատավաստանյութի համար արդեն ստացվել է 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ` արտասահմանյան երկրներից:
Պուտինը հերքել է այս պատվաստանյութի անվտանգության հետ կապված մտահոգությունները ու հայտարարել, որ Մոսկվայի Գամալեյայի ինստիտուտում մշակված պատվաստանյութն այնքան անվտանգ է, որ փորձարկվել է նաեւ իր դստրերից մեկի նկատմամբ: ‘’Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է, ստեղծում է ուժեղ իմունային հակազդեցություն, եւ անցել է անհրաժեշտ բոլոր ստուգումները’’, ասել է նա:
Մոսկվայից գործող Կլինիկական փորձարկումների կազմակերպությունների ընկերակցությունը հորդորում է Ռուսաստանի առողջապահության նախարարությանը հետաձգել պատվաստանյութի հաստատումը, քանի դեռ չի իրականացվել վերջին ու ամենակարեւոր` երրորդ փուլը, երբ փորձարկումներին մասնակցում են հարյուրավոր մարդիկ:
‘’Միայն առաջին երկու փուլերը չեն կարող լինել բավարար հիմք արտոնություն տալու համար’’, ասում են ընկերակցության մասնագետները ու շեշտում, որ առաջին երկու փուլերին մասնակցել է միայն 76 կամավոր: