Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունները ‘’ոչ ազատ էին, ոչ էլ արդար’’, հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Մայք Փոմփեոն: Վերջինս այս հայտարարությամբ հանդես եկավ, երբ հայտարարվեց Բելառուսը քառորդ դար ղեկավարած Լուկաշենկոյի հաղթանակի մասին, այն պահին, երբ Բելառուսում կրքերը չեն հանդարտվում, երբ Լուկաշենկոյի մրցակից Տիխանովսկայան հեռանում է երկրից` իր հանդեպ բռնություններ սկսվելու մտավախության պատճառով:
Այժմ իրադարձություններին ուշադրությամբ հետեւում է Ռուսաստանը, որի նավթի արտահանումներն անցնում են Բելառուսի տարածքով եւ վերջինս է հանդիսանում բուֆերային գոտի ընդդեմ ՆԱՏՕ-ի: Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհավորում է Լուկաշենկոյին ու հայտնում հույս, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կսերտանան, մի բան, ինչին դեմ էր հանդես գալիս Լուկաշենկոն ու Պուտինի ասած ‘’սերտ հարաբերությունները’’ որակում որպես վտանգ իր երկրի անկախության համար:
Իրադարձություններին ուշադրությամբ հետեւում է Արեւմուտքը, որն այնքան շատ է ուզում Մինսկին շեղել Մոսկվայի ուղեծրից:
Այժմ Գերմանիան հանդես է գալիս կոչով, որպեսզի Եվրամիությունը վերսկսի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները, որոնք դադարեցվել էին 2016 թվականին:
Լուկաշենկոյի դեմ ընտրություններում դուրս եկած Սվետլանա Տիխանովսկայան այժմ գտնվում է Լիտվայում, ուր արդեն տեղափոխվել էին նրա երեխաները: Ինչպես Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Անտանաս Լինկեվիչիուս է ասել, Տիխանուսկայան ապահով վայրում է: Նա ավելացրել է նաեւ, որ Եվրոպական միության պատժամիջոցները հեռու չեն Բելառուսից:
Նախկին ուսուցիչ Տիխանովսկայան Լուկաշենկոյի դեմ էր հայտնվել կարծես անհայտությունից, Լուկաշենկոյի կառավարումը դատապարտած իր ամուսնու ձերբակալումից հետո, եւ իրականացրել այնպիսի բողոքի ու իր նկատմամբ աջակցության ցույցեր, ինչպիսին Բելառուսը չէր տեսել Խորհրդային Միության փլուզման տարիներից ի վեր: Ժողովրդի միասնությունը խորհրդանշող այս ցույցերի մասնակիցները սակայն Լուկաշենկոյի համար ‘’քրեական ավազակախմբեր են ու վտանգավոր հեղափոխականներ, որոնք ստանում են աջակցություն արտաքին ուժերից’’:
Ցույցեր, որոնք պահանջում են ազատ ընտրություններ, ժողովրդավարության հաստատում, ցույցեր, որոնք արդեն տվել են մեկ զոհ: