Մատչելի հղումներ

Գործազուրկ ամերիկացիներին` շաբաթական 400 դոլար


Կոնգրեսում երկու կուսակցությունների միջեւ անհամաձայնության պայմաններում երկրի նախագահը ստորագրում է նախագահական հրահանգ, որը խոստանում է որոշ օգնություն գործազուրկներին, սակայն նաեւ ֆինանսական պատասխանատվությունը փոխանցում նահանգների ղեկավարությանը:

Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ գործազուրկ անձինք շաբաթական 400 դոլարի նպաստներ կստանան: ‘’Այս ամենը մեր մեղքը չէր, սա Չինաստանի մեղքն է’’, հայտարարել է նա ու ավելացրել, որ նահանգները պիտի ծածկեն այդ ծախսի 25 տոկոսը:

Դեմոկրատները, որոնք պահանջում էին պահպանել 18 միլիոն գործազուրկների շաբաթական 600 դոլարի նպաստների ծավալը, հայտարարում են, թե Թրամփի այս հրահանգը բավարար չէ ժողովրդի համար:

Սենատում փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի խոսքերով, Թրամփի այս քայլը ‘’մեծ շոու է, որը ոչինչ անել չի կարող’’:

Ըստ նախագահական հրամանագրի, հետաձգվում է եկամտահարկի մուծումը, սակայն այն չի պաշտպանում մարդկանց վարձած տներից իրենց վտարելու դեպքում:

Ինչպես Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարրի Քուդլովն է ասում, ‘’Դեմոկրատները մերժել են փոխզիջումային մի քանի առաջարկներ, եւ նախագահը որոշել է դիմել արագ գործողության’’:

Սակայն քննադատները հարցականի տակ են դնում Թրամփի գործադիր հրահանգների օրինականությունը եւ կարծում են, որ կարող են հարուցվել դատական հայցեր ընդդեմ այդ հրամանների:

Ըստ երկրի սահմանադրության, Կոնգրեսը պիտի հաստատի ծախսումների մասին յուրաքանչյուր որոշում: Իսկ ահա ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինը տեղեկացնում է, որ Թրամփի գործողությունները նախապես են արժանացել իրավական հարցերով նրա խորհրդականների հավանությանը:

Ինչեւէ, գործազուրկները դժգոհ են, որ նպաստաների ծավալը կրճատվել է, սակայն իհարկե գոհ են, որ Կոնգրեսի անհամաձայնության ընթացքում, երբ դադարում է նպաստների հատկացումը, գոնե ամսական կստանան մոտ 1600 դոլար:

XS
SM
MD
LG