Մատչելի հղումներ

Լիբանանի կառավարությունը ներկայացրեց հրաժարական


Բեյրութում անցած երեքշաբթի օրը տեղի ունեցած ուժգին պայթյունի, դրա հետեւանքով` մեծ թվով զոհերի, ավերածությունների ու ժողովրդի ցասման արդյունքում հրաժարական ներկայացրեց Լիբանանի կառավարությունը: ‘’Մենք որոշեցինք կանգնել ժողովրդի կողքին’’, հայտարարել է երկրի վարչապետ Հասան Դիաբը:

Պայթյունից զոհվածների թիվը հասել է 220-ի, տասնյակ այլոք անհետ կորած են: Ողբերգություն, որն այստեղ, գումարվելով տնտեսական ծանր վիճակի պատճառով արդեն իսկ առկա դժգոհությանը, փողոց էր դուրս բերել քաղաքի բնակչությանը, պահանջելով կառավարության հրաժարականը: Կիրակի օրը գրանցվեց բռնությունների երկրորդ գիշերն այստեղ, երբ տեղի ունեցան բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջեւ:

Շաբաթ օրը սկսված ցույցերն ամենամարդաշատն էին հոկտեմբեր ամսից ի վեր, երբ այստեղ ժողովուրդը պահանջում էր վերջ տալ կոռուպցիային եւ վատ կառավարմանը:

Տասը հազար ցուցարարների մասնակցությամբ բողոքը Մարտիրոսների հրապարակում վերածվել էր ռազմաճակատի, երբ ոստիկանությունը փորձում էր արգելափակել ցուցարարների երթը դեպի խորհրդարան: Որոշ խմբերի սակայն հաջողվել էր գրոհել մի քանի նախարարություններ ու Լիբանանի բանկերի ընկերակցության շենքը:

Ընդհարումների ժամանակ, ըստ Կարմիր խաչի, զոհվել է մեկ ոստիկան, մարմնական վնասվածքներ է ստացել 170 մարդ:

Լիբանանի բանակն այս ընթացքում դադարեցնում է փրկարարական աշխատանքները, քանի որ ողջ մնացած անձինք այլեւս չեն հայտնաբերվում:
Բեյրութում հարյուր հազարավոր անձինք այսօր բնակվում են մեծապես վնասված տներում, շատերը` առանց պատուհանների ու դռների, շատերը`վթարային պայմաններում:

15 միլիարդ դոլարի տնտեսական վնաս կրած Լիբանանին միջազգային դոնորները խոստացել են որպես օգնություն տրամադրել 297 միլիոն դոլար: Հռչակագրում, որը մտահոգություն է արտահայտում այստեղ տարածված կոռուպցիայի կապակցությամբ, ասված է, որ հատկացվող օգնությունը պետք է ուղղակիորեն բաժանվի Լիբանանի բնակչությանը առավելագույն ճշգրտությամբ ու թափանցիկությամբ: Հետագա օգնությունը, ըստ դոնոր պետությունների, կախված կլինի նրանից, թե ինչպես է Լիբանանի կառավարությունն իրականացնում բարեփոխումներ այստեղ: Խոսքն այժմ հաջորդ կառավարությանն է:

XS
SM
MD
LG