Մատչելի հղումներ

Վենեսուելայում 20 տարվա ազատազրկում` ամերիկացի նախկին երկու զինվորականների


Վենեսուելայի դատարանը 20 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել ամերիկյան բանակի նախկին երկու զինվորականների նկատմամբ, որոնց մեղադրում է ներխուժման փորձ կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, մայիս ամսին նրանց կողմից իրականացված գործողության նպատակը եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից վտարելը:

Ըստ դատավորի թվիթերյան գրառումների, նախկին կանաչբերետավորներ, 34-ամյա Լյուք Դենմանը եւ 41-ամյա Աիրան Բերին խոստովանել են, որ մասնակցել են մայիսի 4-ի գործողությանը: Ըստ նույն դատավորի, նրանք ‘’ընդունել են, որ իրականացրել են հանցագործություն’’: Նա գրել է նաեւ, թե մի քանի տասնյակ այլ անձանց նկատմամբ դատավարությունը դեռեւս շարունակվում է:

Դենմանի եւ Բերիի նկատմամբ կայացվել են դավադրության, ահաբեկչության ու ապօրինի կերպով զենք տեղափոխելու մասին մեղադրանքներ:

Ինչպես երկու նախկին զինվորականների փաստաբանն է ասել, փասաբանական խմբի մուտքը դատարանի դահլիճ արգելված է եղել:

Կոլումբիայից սկսված ծովային ներխուժումը ստացել էր Գիդեոն անվանումը: Գործողության ընթացքում ութ մարդ էր սպանվել:

Ձերբակալությունից մի քանի օր անց Դենմանը Վենեսուելայի պետական հեռուստատեսությանն ասել էր, որ իրենց վարձել է ամերիկյան Silvercorp անվտանգության հարցերով կազմակերպությունը: Նրանց պարտականության մեջ է մտել Կոլումբիայում 50-60 վենեսուելացիների վարձելու, մայրաքաղաք Կարակասի օդանավակայանի վրա վերահսկողություն հաստատելու եւ ինչ որ օդանավով Մադուրոյին ԱՄՆ տեղափոխելու գործը:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի գրասենյակը տեղեկացրել է, որ Գուաիդոն հոկտեմբեր ամսից է իմացել գործողության մասին, սակայն չի ֆինանսավորել այն: Ըստ նույն հայտարարության, գործողությունը պատվիրված չի եղել Գուաիդոյի կողմից:

Թրամփի վարչակազմը հերքում է գործողությանն ուղիղ մասնակցություն ունենալու մեղադրանքը: Պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ի կառավարությունը կկիրառի ամեն միջոց ԱՄՆ-ի քաղաքացիների տուն վերադարձն ապահովելու համար:

XS
SM
MD
LG