Մատչելի հղումներ

Լիբանանի վնասը կազմում է 15 միլիարդ դոլար


Միացյալ Նահանգներն օգնություն է առաքում Լիբանան, այստեղ երեքշաբթի օրը տեղի ունեցած ուժգին պայթյունից տուժած անձանց համար: Տեղ են հասցվում սննդամթերք, ջուր ու բժշկական պարագաներ: ԱՄՆ-ը նաեւ շարունակելու է տեղի իշխանությունների հետ աշխատաքներ տանել առողջապահական ու մարդասիրական կարիքները վերլուծելու նպատակով, ինչի արդյունքում կորոշվի հետագա օգնության բնույթը:

Թրամփի վարչակազմը խոստացել է տրամադրել 17 միլիոն դոլարի համարժեք առաջին օգնությունը: Իսկ երբ երկիրը սկսի վերականգնողական աշխատանքներ, Ամերիկան կտրամադրի օգնություն այդ ուղղությամբ:

Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասել, ԱՄՆ-ը միանում է այն երկրներին, որոնք հայտնել են պայթյունի պատճառներն ուսումնասիրելու աշխատանքներ իրականացնելու պատրաստակամություն:

Որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնց միացել են ՄԱԿ-ի ու Ռուսաստանի փրկարարները:

Լիբանանի իշխանությունները կարծում են, որ պայթյունի պատճառը պահեստներում արդեն վեց տարի պահվող 2750 տոննա կշռով ամոնիումի նիտրատն է եղել: Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 150-ի, վիրավորներինը`ավելի քան 5000-ի: Պայթյունի հետեւանքով 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Վիրավորների թվում է Հոլանդիայի դեսպանի կինը, որը պայթյունի պահին գտնվել է իրենց տան հյուրասենյակում:

Լիբանանը, որը տնտեսական ճգնաժամի պատճառով ուներ Արժույթի միջազգային հիմնադրամից 10 միլիարդ դոլարի վարկ վերցնելու նպատակ, հայտարարում է, որ այս աղետը երկրին պատճառել է եւս 15 միլիարդ դոլար վնաս:

Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան ու մի շարք այլ երկրներ հանդես են եկել ֆինանսական աջակցություն տրամադրելու խոստումներով:

XS
SM
MD
LG