Մի քանի ամիս առաջ քչերը գիտեին Սվետլանա Տիխանովսկային: Անցած շաբաթ քսան հազար մարդ դուրս եկավ հանրահավաքի Լեհաստանի սահմանի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում: Այստեղ Տիխանովսկայան փայլուն քաղաքական ելույթ ունեցավ:
«Երբ Սվետլանա Տիխանովսկայան դառնա Բելառուսի նախագահ, մենք կարող ենք անցկացնել նոր, արդար, բաց և թափանցիկ ընտրություններ, որտեղ դուք կընտրեք այս երկրի արժանի նախագահին»:
Տիխանովսկայան ընտրապայքարի մեջ մտավ իր ամուսնու ձերբակալությունից հետո: Վերջինս ծրագրում էր առաջադրվել նախագահի պաշտոնում: Ձերբակալվել են նաև այլ թեկնածուներ: Ընդդիմությունը հիմնականում միավորվել է Տիխանովսկայայի շուրջ:
«Քայլ առ քայլ, օր օրի ես հասկանում էի՝ բոլորն էլ փոփոխություն են ուզում: Եվ ես այնտեղ եմ նրանց համար »:
Այդ ուղերձը ռեզոնանս է առաջացրել աջակիցների շրջանում:
«Ես 45 տարեկան եմ և իմ ողջ հասուն կյանքն ապրել եմ այս նախագահի օրոք: Եվ հիմա ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում երկրի համար, հատկապես երեխաներիս համար »,- ասում է Տիխանովսկայի կողմնակից Վլադը:
Տիխանովսկայան դուրս է եկել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, որը ղեկավարում է Բելառուսը վերջին 26 տարիների ընթացքում:
«Իհարկե, նրա համար շատ դժվար է հաղթել, քանի որ թվում է, թե ընտրական հանձնաժողովը կեղծելու է ընտրությունները, և, իհարկե, ոստիկանությունը պատրաստ է ճնշման»,- ասում է Chatham House վերլուծաբան Ռայոր Աստապենիան:
Լուկաշենկոն իր անակնկալ մրցակցից զատ առերեսվում է այլ մարտահրավերների, ներառյալ քննադատության իր կորոնավիրուսային քաղաքականության վերաբերյալ:
Բելառուսը խորապես կախված է Ռուսաստանից, բայց այդ հարաբերություններն այսօր լարված են: Անցյալ շաբաթ Բելառուսը ձերբակալել էր Մինսկից դուրս ռուսաստանցի անվտանգության ոլորտի 33 կոնտրակտորների ՝ նրանց մեղադրելով երկիրը ապակայունացնելու փորձի մեջ: Մոսկվան հերքում է մեղադրանքները:
Ըստ վերլուծաբան Ռայոր Աստապենիայի՝ 2014 թվականից ի վեր, երբ Լուկաշենկոն հրաժարվեց աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի հարցում, հարաբերությունները շատ ավելի վատթարացան:
Լուկաշենկոն փորձում է հավասարակշռել իրավիճակը:
«Ռուսաստանը վախենում է մեզ կորցնել, քանի որ այլ դաշնակիցներ նրա մոտ չեն մնացել: Եվ Արևմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր հանդեպ»,- ասում է Լուկաշենկոն:
Կիրակի օրը քչերն են սպասում Տիխանովսկայի հաղթանակին: Ինչ կլինի հետո` կախված է մարդկանց արձագանքից:
Ըստ Chatham House- ի վերլուծաբանի՝ շատերը բողոքելու են, բայց հարց է, թե նրանցից քանիսը դուրս կգան բողոքի ցույցի: Եթե հավաքվի 25 հազար մարդ, բելառուսական ոստիկանությունը կցրի այս ցույցը: Բայց եթե 200 հազար մարդ ողողեն փողոցները, ըստ վերլուծաբանի, իշխանությունները կկանգնեն լուրջ խնդիրների առջև:
Անվտանգության ուժերը շարունակում են ձերբակալությունները, բայց հանրությունը Տիխանովկային տեսնում է որպես հույսի խորհրդանիշ:
Facebook Forum