Քանի դեռ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամերիկյան որոշ խանութներ մնում են փակ ու մեծապես տուժում, Վերոնիկա Գոնզալեսի փոքր բիզնեսը ծաղկում է: Սակայն սա նա օրհնանք չի համարում:
Նրա խոսքերով, երեկոյան ժամը 7 -ին անգամ իրենք ունեն ապրանք առաքելու պատվեր: Իսկ պատվերը հուղարկավորման պարագաներ են:
Գոնզալեսը բնակվում է Թեքսաս նահանգի Ռոմա սահմանամերձ քաղաքում, որն ունի 12,000 բնակիչ:
‘’Իսկ Մեքսիկայի սահմանում գտնվող հարեւան քաղաքը`Միգուելը մեզնից գտնվում է երեք թաղամաս հեռավորության վրա’’, ասում է նա:
Ռոմայում ու հարեւան համայքներում գրանցվել են կորոնավիրուսի վարակակիրների մեծ ցուցանիշներ:
Հարեւան Ստարի մարզը Թեքսասի ամենաաղքատ համայնքներից մեկն ունի, որտեղ բնակչության մեծամասնությունը լատինամերիկացիներ են: Կարիքից դրդված` այստեղ որոշ ընտանիքներ անգամ բնակվում են մի հարկի տակ: Այստեղ տոկոսային հարաբերությամբ մեծ թիվ են կազմում շաքարախտ հիվանդությամբ ու գիրությամբ տառապող անձինք: Իսկ սա նշանակում է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում վտանգի տակ հայտնվող անձանց թիվն այստեղ նորից մեծ է:
ԱՄՆ-ում սահմանափակումներն ուժի մեջ մտցվելուց երկու ամիս անց այստեղ կորոնավիրուսի դեպքեր գրեթե չկային:
Ինչպես տեղի առողջապահության բաժանմունքի պաշտոնյաներն են ասում, օրական գրանցվում էր հիվանդության միայն մեկ կամ երկու դեպք: Սակայն այն բանից հետո, երբ ամերիկյան երկու տոների կապակցությամբ վերաբացվեցին տնտեսության ճյուղերն այստեղ, վիրուսը ուղղակի արձանագրեց պայթյուն: Ընտանեկան հավաքույթները, լողավազաններում անցկացվող միջոցառումները դարձան թաքնված ռումբ ընդդեմ այս համայքնի:
Մարզը, որն ունի միայն մեկ հիվանդանոց, մարզ, որտեղ ամեն տասը հազար մարդուն բաժին է ընկնում միայն երկու բժիշկ, հայտնվեց գերծանրաբեռնվածության պայմաններում: Ու եղավ ժամանակ, երբ բժիշկները պիտի որոշեին, թե ում են բուժելու, ում են թողնելու, որ մեռնի:
Սակայն, փառք Աստծո, ասում են տեղի բնակիչները, որ ժամանակին օգնության հասան նահանգային ու դաշնային իշխանությունները, որոնք այստեղ տեղակայեցին ռազմածովային ուժերի բժշկական անձնակազմեր: Չնայած այդ հանգամանքին, այստեղ կան ընտանիքներ, որոնք կորոնավիրուսին տվել են մի քանի զոհ: Թվերը շարունակում են աճել, ու մարդիկ այստեղ, մեղադրելով իրենց այդ խնջույքների համար, ամեն կերպ պահպանում են պաշտպանվելու կանոնները եւ փայփայում հույս, որ դրա արդյունքում վարակի տարածման արագությունը շուտով կնվազի: