Մատչելի հղումներ

Ռուսական պատվաստանյութն ու միջազգային մտահոգությունները. որքան անվտանգ է պատվաստանյութը


Ռուսական կողմի հայտարարությունը մտահոգություն է առաջացրել, որ Ռուսաստանը կսկսի կիրառել կորոնավիրուսային պատվաստանյութն առանց վերջնական արդյունքների

Այս տարի Ռուսաստանը պլանավորում է արտադրել 30 միլիոն դեղաչափ փորձնական COVID-19 պատվաստանյութ երկրի ներսում՝ նախատեսելով հետագայում արտադրել ևս 170 միլիոն արտասահմանում:

Պատվաստանյութը փորձարկվել է առաջին 38 մարդու վրա մոտ մեկ ամիս առաջ՝ ավարտվելով այս շաբաթ: Հետազոտողները եզրակացրել են, որ այն անվտանգ է օգտագործման համար և ձեւավորում է համապատասխան իմունիտետ: Հետազոտության արդյունքները սակայն դեռևս վերջնական չեն:

Մոսկվայի ծրագիրը պատվաստման համապետական արշավ իրականացնելու վերաբերյալ մտահոգություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում, քանի որ չկա վստահություն, որ պատվաստանյութն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու անվտանգ է:

Ըստ Նյու Յորք Թայմսի, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն շաբաթ օրը հայտարարել է, որ ծրագրի մեկնարկից հետո առաջին չափաբաժինը կստանան ուսուցիչներն ու բուժաշխատողները:

Ռուսաստանը մի շարք երկրների հետ գտնվում է մրցավազքում պատվաստանյութի ստեղծման հարցում: Այն ոչ միայն կօգնի մեղմել համավարակը, որի հետևանքով մահացել է ավելի քան 680,000 մարդ, իսկ համաշխարհային տնտեսությունը հայտնվել ծանր ճգնաժամում, այլև կարող է դառնալ ազգային հպարտության խորհրդանիշ, գրում է Նյու Յորք Թայմսը: Մոսկվան օգտագործում է այս մրցավազքը որպես քարոզչական հնարք` նույնիսկ հրապարակված գիտական ապացույցների բացակայության դեպքում փորձելով ներկայացնել ռուսական կողմին որպես հիմնական առաջատար:

ԱՄՆ-ում Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հույս է հայտնել, որ չինացի ու ռուս հետազոտողները խորը հետազոտության կենթարկեն իրենց պատվաստանյութերը դրանց կիրառումից առաջ:

Ռուսաստանում պետական հեռուստատեսությունն արդեն մի քանի ամիս քարոզում է այս մրցավազքում Ռուսաստանի առաջատար դիրքի մասին: Մայիսին կառավարության զեկույցում նշվում է, որ աշխարհում առաջին մարդը, ով պատվաստվել է վիրուսի դեմ, ռուս հետազոտողն է, ով ստացել է ներարկում դեռևս պատվաստանյութի վաղ մշակման փուլում: Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտևը ևս տեղեկացրել է, որ առաջիններից էր, ով ստացել է պատվաստանյութի ներարկում:

"Ես անձամբ պատվաստվել եմ: Ինձ մոտ հակամարմինների ցուցանիշը 5,5 մակարդակի վրա էր, սակայն առաջին ներարկումից հետո 20 օրվա ընթացքում, այն աճել է մինչև 10,4: Համեմատության համար ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ծանր հիվանդացել են, ունեցել են հակամարմինների միջինը 6 ցուցանիշ",- ասում է Դմիտրևը:

Ռուսաստանը կսկսի պատվաստանյութի երրորդ փուլի փորձարկումները օգոստոսի սկզբին, տեղեկացնում է Կիրիլ Դմիտրիևը, որի հիմնադրամը համակարգում է պատվաստանյութի հետազոտությունները: Երրորդ փուլի փորձարկումը պատվաստանյութի արդյունավետության որոշման կարևոր փուլերից է:

՛՛Մենք ակնկալում ենք, որ 2-րդ փուլը կավարտվի օգոստոսի 3-ին: Գամալեայի պատվաստանյութը ցույց է տալիս շատ լավ արդյունքներ: Երրորդ փուլում մենք այն կփորձարկենք մի քանի հազար մարդու վրա ոչ միայն Ռուսաստանում, այլև մի քանի այլ երկրներում՛՛,- տեղեկացնում է Դմիտրևը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս հրապարակել է աշխարհում պատվաստանյութերի փորձարկումների համապարփակ մի ցուցակ, որտեղ նշված չէ ռուսական պատվաստանյութի երրորդ փուլի փորձարկումը:

Ռուսական այս ծրագրի թափանցիկության պակասը և գիտական ձեռքբերումները քարոզչական և քաղաքական նպատակներով օգտագործելու ձգտումը չափազանց մտահոգիչ է: Քննադատները մատնանշում են այս հանգամանքները՝ նշելով նաև մտավոր սեփականության գողության մեղադրանքների մասին: ԱՄՆ, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունները մեղադրել են Ռուսաստանին՝ հետազոտությունների արդյունքները գողանալու փորձերի մեջ: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ դրանք հիմնվում են ռուս հետազոտողների բացահայտումների վրա:

Ռուսական պատվաստանյութը մշակվել է Մոսկվայի Գամալեայի ինստիտուտի կողմից: Այն օգտագործում է ադենովիրուսի երկու շտամներ, որոնք, որպես կանոն, մեղմ մրսածություն են առաջացնում մարդու մոտ: Ադենովիրուսի պատվաստանյութերը փորձարկումներ են անցնում տարբեր երկրներում: Դրանք գենետիկորեն ձևափոխված են, որպեսզի վարակված բջիջները արտադրեն սպիտակուցներ:

Գամալեայի ինստիտուտը իր պատվաստանյութը փորձարկել է զինվորների վրա: Այս հանգամանքը ևս մտահոգության առիթ է դարձել՝ կապված զինվորների կամավորության սկզբունքի հետ: ՌԴ ՊՆ-ն, սակայն, հաստատել է, որ բոլոր զինվորները կամավոր են մասնակցել փորձարկումներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG