Մատչելի հղումներ

Բեյրութի պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, հաղորդվում է 1 հայ զոհի մասին. տեղի հայերը պատմում են կատարվածը


Բերյութի նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, մոտ 3000 մարդ վիրավորվել է: Թվերն առայժմ ճշտվում են: Նավահանգստին մոտ հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում ևս մեծ ավերածություններ են եղել։

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Բեյրութի հայ բնակիչները պատմեցին, որ պայթյունի ալիքը շատ հզոր է եղել, և վնասներ են կրել նավահանգստից մի քանի կիլոմետր հեռու իրենց տներում:

Փաթիլ Մեգերջյանի խոսքով՝ իրենց շենքում ջարդվել են տների դռներ և ապակիներ: Բուրջ Համուդում գրեթե բոլոր տները վնասներ կրել են:

Հայկական թաղամասից փոքր ինչ հեռու ապրող Լյուսի Դեքմեջյանն ասաց՝ պայթյունի ձայնից խուճապ է առաջացել նաև իրենց մոտ: Իր բարեկամների շրջանում ևս վիրավորներ կան:

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Բուրջ Համուդ, ծանոթացել իրավիճակին, զրուցել վիրավորների հետ:

XS
SM
MD
LG