Անցյալ շաբաթվա վերջին լրացավ գործազուրկ ամերիկացիների համար շաբաթական 600 ԱՄՆ դոլար նպաստի տրամադրման ժամկետը, սակայն դեմոկրատները պնդում են, որ այն պետք է երկարաձգվի մինչև տարեվերջ:
Ըստ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, հանրապետականների առաջարկը շաբաթական 200 ԱՄՆ դոլար տրամադրելու մասին ընդունելի չէ, քանի որ բավարար չէ աշխատավոր բնակչության կարիքները հոգալու համար:
Հանրապետականները սակայն պնդում են, որ շաբաթական $ 600 նպաստը խրախուսում է մարդկանց մնալ գործազուրկ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը սակայն վստահ է` անհրաժեշտ է համաձայնություն երկարաձգման մասին:
Հանրապետականները առաջարկում են մոտ $ 1 տրիլիոն դոլար HEALS ակտ օրենսդրական նախաձեռնության շրջանակում, մինչդեռ դեմոկրատները օգտագործում են այս տարվա սկզբին ընդունված 3 տրիլիոն դոլարի HEROES ակտ օրենքը՝ որպես իրենց բանակցությունների մեկնարկային կետ: Երկու կողմերն էլ հաղորդում են, որ դեռևս չեն մոտեցել համաձայնության:
«Մենք պետք է հավասարակշռություն ունենանք: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է աջակցել աշխատողներին, աջակցել տնտեսությանը, մարդկանց, ովքեր ոչ իրենց մեղքով, այլ այս սարսափելի հիվանդության պատճառով, հայտնվել են գործազուրկ վիճակում: Մյուս կողմից մենք պետք է զգույշ լինենք, որ ապագա սերունդների համար հսկայական պարտքեր չկուտակենք», ասել է Սթիվեն Մնուչինը:
Բայց օրենսդիրները նախազգուշացնում են, որ տնտեսական օգնության մասին փաթեթի շուրջ բանակցություններին զուգահեռ, անհրաժեշտ են քայլեր համավարակի դեմ, քանի որ օրեցօր աճում են հիվանդների թվերը և կորոնավիրուսից մահերի դեպքերը:
«Մեր բանակցություններում մենք խոսում ենք համաճարակի որոշ հետևանքների մասին, բայց փաստն այն է, որ մենք պետք է հաղթահարենք այս վիրուսը, և դա այն կետերից մեկն է, որի շուրջ մենք դեռևս որևէ համաձայնության չենք եկել»,- ասում է Նենսի Փելոսին:
Կորոնավիրուսի դեպքերի հակառեկորդային աճի հետ մեկտեղ անցած շաբաթ լրացավ նպաստների վճարման ժամկետը: Այժմ բազմաթիվ ամերիկացիների հայացքն ուղղված է դեպի Վաշինգտոն, ուր այս օրերին որոշվում է հետագա օգնության հետ կապված հարցը:
Facebook Forum