Մատչելի հղումներ

Նախապատրաստվում է TikTok հավելվածի վաճառքը Microsoft-ին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել է չինական ByteDance ընկերությանը տալ 45 օր ժամանակ` կարճ տեսագրությունների TikTok հավելվածը Microsoft ընկերությանը վաճառելու շուրջ բանակցություններ սկսելու համար:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե TikTok-ը չինական այդ ընկերության ներքո վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար` մարդկանց անձնական տվյալները տիրապետելով: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե ծրագրում է արգելել TikTok-ի հասանելիությունն ԱՄՆ-ում: Սակայն Թրամփի եւ Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելայի միջեւ անցկացված հանդիպումից հետո, վերջինս հայտարարել է, որ շարունակվելու են ByteDance-ից TikTok-ը գնելու շուրջ բանակցությունները: Ըստ նախնական համաձայնության, պայմանագիրն այդ մասին պիտի կայացվի մինչեւ սեպտեմբերի 15-ը:

Շատերն են այն կարծիքին, որ TikTok-ն ԱՄՆ-ում արգելելու հանգամանքը նախագահական ընտրություններից առաջ Թրամփի նկատմամբ կթշնամացներ երիտասարդների մի մասին, ինչպես նաեւ կսկսվեր դատական հայցերի ալիք: Վերջին մի քանի օրերի ընթացքում հանրապետական մի շարք կոնգրեսականներ էին հորդորել Թրամփին պաշտպանել TikTok-ը Microsoft-ին վաճառելու գործարքը:

ByteDance-ի եւ Microsoft-ի միջեւ բանակցություններն անցկացվելու են ԱՄՆ-ի արտաքին ներդրումների կոմիտեի վերահսկողության ներքո: ԱՄՆ-ի պետական այս հաստատությունն ունի որեւէ համաձայնագիր արգելելու իրավունք:

Microsoft-ը հայտարարել է, որ TikTok-ը գնելու շուրջ համաձայնությունը երաշխավորված չէ:

XS
SM
MD
LG