Ռուսաստանը պատրաստվում է հոկտեմբեր ամսից սկսել կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման աշխատանքներ: Ինչպես երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն է ասել, պատվաստանյութն առաջինը ներարկվելու է բժիշկներին եւ ուսուցիչներին:
Ինչպես լրատվական որոշ գործակալություններ են հաղորդում, Ռուսաստանում առաջին պատվաստանյութը հաստատվելու է այս ամսվա ընթացքում: Սակայն Ռուսաստանում արագ գործողություններն այս ուղղությամբ առաջ են բերում մեծաթիվ մասնագետների անհանգստությունը: Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին է ասել, ինքը հույս ունի, որ Ռուսաստանն ու Չինաստանը փորձարկում են իրենց մշակած պատվաստանյութերը` մինչեւ զանգվածային պատվաստումներ իրականացնելը: Նրա խոսքերով ԱՄՆ-ում ‘’անվտանգ ու արդյունավետ’’ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:
Ռուսաստանի առողջապահության նախարարի խոսքերով, Գամալեյա գիտահետազոտական ինստիտուտն ավարտել է կլինիկական փորձարկումները եւ այժմ սկսվել են պատվաստանյութի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթային աշխատանքներ:
Ռուսներն անցյալ ամիս էին հայտարարել, թե այս հաստատությունում գիտնականներն ավարտել են ադենավիրուսի հիման վրա մշակված պատվաստանյութի վաղ փորձարկումների շրջանը, եւ որ արդյունքը եղել է դրական: