Մատչելի հղումներ

Տեխնոլոգիական չորս ամենախոշոր ընկերությունները` կոնգրեսականների քննադատության ներքո


ԱՄՆ-ի Կոնգրեսում չորեքշաբթի օրը լսումներ էին անցկացվում տեխնոլոգիական չորս ամեանախոշոր ընկերությունների` Amazon-ի, Apple-ի, Facebook-ի եւ Google-ի ղեկավարների մասնակցությամբ: Օրենսդիրները ցանկանում են պարզել, թե արդյոք շուկայում նրանք իրենց գերակայությունը չեն կիրառում մրցակցությունը վնասելու համար: Հանդիպումը համաճարակի պատճառով անցկացվեց հեռատեսիլ եղանակով:

Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կոնգրեսականները շատ պատրաստված էին ու տեղեկացված: Ինչպես Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեյվիդ Սիսիլինին ասաց, իրենք ունեն փաստաթղթեր այն մասին, որ ‘’Գուգըլ’’ ընկերությունն իրեն պատել է ցանկապատով եւ շարունակում է իր կայքից օգտվողներին պահել իր էջերում: Սուր հարցեր հնչեցին նաեւ ,,Ինստագրամ’’-ի մասին: Եվ ինչպես Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Դանիել Քրեյնն է ասում, լավ պատրաստված էին եկել նաեւ չորս ընկերությունների ղեկավարները, որոնք ամեն գնով պաշտպանում էին իրենց գործունեությունը, փորձելով ապացուցել, որ չեն խախտում օրենքը: ‘’Նրանք խոսում էին այն մասին, թե որքան կարեւոր են իրենց ծառայություններն ԱՄՆ-ի բնակչության համար, այն մասին, որ իրենք երբեք չեն խախտում հակամենաշնորհային օրենքը:

Հանդիպման քաղաքական ներկայացման կողմը մի կողմ դնելով` կարելի է ասել, որ այն իրականում ուժեղ մի ազդանշան էր այն մասին, որ Վաշինգտոնում չի իջել հակամենաշնորհային օրենքը չհարգելու հարցում այս ընկերությունների նկատմամբ ձայնի բարձրությունը: Այս մասին է ասում Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավագիտության դասախոս Ուիլյամ Կովաչիչը, որը կարծում է նաեւ, որ օրենսդիրներն այժմ կսկսեն աշխատանքներ հակամենաշնորհային օրենքներն ավելի խստացնելու ուղղությամբ: Չէ որ հինգ ժամ տեւած լսումներն ավարտվեցին նրանով, որ հանդիպումը նախագահողը հայտարարեց, թե այս չորս ընկերությունները դարձել են մոնոպոլիաներ: Եվ այժմ չորս գործադիր տնօրենները պիտի սպասեն, տեսնելու համար, թե Վաշինգտոնի այս ավելի քննադատական տեսակետն ինչ է նշանակելու իրենց ընկերությունների համար:

XS
SM
MD
LG