Մատչելի հղումներ

Իրավապաշտպաններն` ընդդեմ ԱՄՆ-ի կառավարության, հօգուտ մեքսիկացի երեխաների


Իրավապաշտպան խմբերը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ-ի կառավարության, փորձելով կասեցնել կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության պայմաններում հյուրանոցներում պահվող երեխաներին արտաքսելու Թրամփի վարչակազմի գործողությունները:

Թեքսաս նահանգում Hampton Inn & Suites հյուրանոցի տնօրինությունը հայտարարել է, որ դադարեցնում է անչափահաս անձանց այստեղ կալանքի տակ պահելու նպատակով սենյակների ամրագրումները:

ԱՄՆ-ի ներգաղթի եւ սահմանային վերահսկման ծառայությունը հաղորդել է, որ երեխաներին դուրս են բերել հյուրանոցից: Այդ քայլին գործակալությունը գնացել է այն բանից հետո, երբ ‘’Ասոշիեյթըդ փրես’’ գործակալությունը հաղորդեց, որ այս հյուրանոցում երկու այլ հյուրանոցների հետ միասին պահվել են մեկ եւ մեկից բարձր տարիք ունեցող մոտ 200 երեխաներ:

Ներգաղթի ծառայությունը սակայն չի պատասխանում այն հարցին, թե ուր են տեղափոխել հյուրանոցից հանված երեխաներին:

Ինչպես Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միություն կազմակերպության փաստաբաններից Լի Գելենթն է ասում, ‘’Թրամփի վարչակազմը երեխաներին գաղտնաբար պահում է հյուրանոցներում եւ թույլ չի տալիս, որ փաստաբանները հանդիպում ունենան նրանց հետ: Նպատակը, ասում է նա, այդ երեխաներին հետ, դեպի վտանգավոր պայմաններ վերադարձնելն է, առանց երեխաներին նույնիսկ տալու փախստականի դիմումներ ներկայացնելու հնարավորություն’’:

Ըստ ԱՄՆ-ի օրենքների, Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջեւ սահմանն անցած երեխաների մեծ մասը պետք է տեղավորվեն ԱՄՆ-ի առողջապահության նախարարության վարձած հաստատություններում:

Սակայն Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ արտաքսելու է երեխաներին կորոնավիրուսի տարածումը խոչընդոտելու համար: Արդեն իսկ վտարվել է առնվազն 2000 երեխա, առանց փախստականի դիմումներ ներկայացնելու հնարավորություն ստանալու:

XS
SM
MD
LG