Մատչելի հղումներ

Վրաստանից Հայաստան սերբական զենքի փոխադրումների շուրջ


Վրաստանի արտգործնախարարությունն ‘’ապատեղեկատվություն’’ է անվանում ադրբեջանական այն լուրերը, որոնց համաձայն Վրաստանի տարածքն օգտագործվել է դեպի Հայաստան զենքի առաքումների համար: Ըստ Թբիլիսիի, դրանց նպատակը ‘’երկու գործընկերների միջեւ արհեստական եղանակով խնդիրներ առաջ բերելն է’’:

Ըստ նախարարության հայտարարության, ադրբեջանական հրապարակումներն ունեն անճշտություններ, դրանցում առկա փաստերը չեն ներկայացվում օբյեկտիվ եղանակով, ‘’ապակողմնորոշում են հասարակությանը եւ ունեն վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վրա ստվեր նետելու նպատակ’’:

Հուլիսի 19-ին Ադրբեջանի լրատվական գործակալությունները, ակնարկելով ‘’ռազմական աղբյուրների մասին, հրապարակել էին լուրեր, ըստ որոնց, մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հուլիսի 12-ը սկսված բախումները, ‘’Գրադ’’ տիպի հրթիռների գործարկիչներով եւ ականանետների զինամթերքով բեռնված ‘’ԿամԱզ’’ մակնիշի բեռնատարներ են փոխադրվել Սերբիայից դեպի Հայաստան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ի պատասխան, ադրբեջանական ինտերնետային Haqqin.az լրատվական ծառայությունը հրապարակել է հուլիսի 21-ին նկարահանված ‘’ԿամԱզ’’ մակնիշի ավտոմեքենաների լուսանկարներ, որոնք, ըստ նույն լրատվամիջոցի, ապացուցում են, որ ցամաքային ուղով ռուսական զենք է առաքվել Հայաստան:

Ադրբեջանական այս գործակալության տվյալներով, սերբական ականանետային զինամթերքը Սերբիայից Վրաստան է հասել օդային ուղով: Այն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, իրականացվել է ‘’զենքի վաճառքի քրեական տարր համարվող Սլոբոդան Տեսիչի միջոցով, որը ներկա պահին գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո’’:

Եվրոպայի համալսարանից Գեորգի Մչեդնիշվիլին կասկածում է, որ Վրաստանը թույլ կտար իր տարածքով զինամթերքի փոխադրում դեպի Հայաստան: Նրա խոսքերով, այդ մասին կա ‘’հստակ պայմանավորվածություն’’:

‘’Այլ հարց է’’, նշում է վերլուծաբանը, որ ավելի վաղ ‘’Վրաստանի տարածքով անցել է ռուսական ռազմական տեխնիկա` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի համար զինամթերք տեղափոխելու նպատակով’’:

‘’Ամերիկայի Ձայն’’-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում վրացի վերլուծաբանն ասում է, որ եթե Հայաստանն իրոք Սերբիայից ստացել է զենքի մատակարարումներ Վրաստանի տարածքով, ապա այն կարելի է համարել Թբիլիսիի ակնհայտ բացթողում: ‘’Սակայն դրա համար հարկավոր են շատ մեծ փաստարկներ: Իսկ նման փաստարկներ դեռեւս չկան’’, ասել է վերլուծաբանը:

Իսկ այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ վերջին բախումների ընթացքում զոհ տվեց մի գեներալի, ‘’ուժեղ հարված է` ընդդեմ այդ երկրի հեղինակության’’: Նրա կարծիքով, Բաքվում դրանից հետո սկսված ցույցերը ‘’տհաճ անակնկալ էին Ադրբեջանի իշխանությունների համար’’: Եվ այս լուրը կոծկելու նպատակով, ‘’Բաքուն հավանաբար փորձում է օգտագործել մեկ այլ` բարեկամ երկրի դավաճանության մասին մի լուր’’, ասում է նա:

‘’Միջազգային իրավունքի տեսանկյունից Վրաստանն ակնհայտորեն կանգնած է Բաքվի կողմը, ինչն արտահայտվում է տեղահանված անձանց վերադարձի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմերի միջեւ մշտական աջակցությամբ: Սակայն Վրաստանն այսօր շատ խոցելի է, որպեսզի նույնիսկ միջնորդի դերով ներքաշվեր այս հակամարտության մեջ’’, նշում է փորձագետը:

Անվտանգության հարցերով փորձագետ Թեոնա Ակուբարդիան նշում է, որ պաշտոնական Բաքուն դեռեւս չի մեկնաբանել ադրբեջանական մամուլի հաղորդագրությունները, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է լուրը եւ այն անվանել ապատեղեկատվություն: ‘’Իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խզումը առաջին հերթին հետաքրքրում է Ռուսաստանին հատկապես Տրանսանատոլիական ու Տրանադրիատիկ գազատարների գործարկման շեմին, երբ երկու նախագծերում էլ Վրաստանն ունի միջանցիկ երկրի կարգավիճակ’’, ասում է վերլուծաբանը եւ եզրակացնում, որ ‘’ամբողջ այս ապատեղեկատվության աղբյուրը հավանաբար Մոսկվան է’’:

Ծանուցում.

‘’Ամերիկայի Ձայն’’-ի հայկական ծառայությունը նշված տեղեկությունները ներկայացնում է որպես ի գիտություն եւ առանց մեկնաբանության:

XS
SM
MD
LG