ԱՄՆ-ում մարդկանց միայն 65 տոկոսն է դիմակներ կրում խանութներում եւ հասարակական այլ վայրերում: Այս մասին է հայտնում ‘’Փյու’’ հետազոտական կենտրոնը: Դիմակ կրելու կոչերը շարունակ անտեսած նախագահ Դոնալդ Թրամփն էլ միայն մի քանի օր առաջ թվիթերյան էջում զետեղեց դիմակը դեմքին իր լուսանկարն ու այն անվանեց ‘’հայրենասիրական քայլ’’:
Մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց, թե հաճույքով այն կկրի: ‘’Եթե կարողանում եք կրել դիմակ, եթե միմյանց մոտ եք, ուրեմն կրեք այն’’, ասաց նա: Իսկ դիմակ կրելու մասին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը դեռեւս ապրիլ ամսին էր հանդես եկել այդ կոչով: Նախագահը, սակայն, այն ժամանակ չէր ընդունել կոչը, ինչպես նաեւ հրահանգը, ու հայտարարել էր, թե ամերիկացիները պիտի օգտվեն ազատության իրենց իրավունքից:
Եվ այժմ հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների 64 տոկոսը գոհ չէ համաճարակի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությունից, երբ այս հիվանդությանն այստեղ զոհ է գնացել ավելի քան 145 հազար մարդ, երբ մինչ այժմ վարակված անձանց թիվն անցել է 4 միլիոնը:
Թրամփի վարչակազը պնդում է, որ այստեղ ցուցանիշները բարձր են ավելի մեծ թվով թեստավորումներ իրականացվելու պատճառով: Հակառակ այս բացատրությանը, փորձագետները վստահ են, որ կորոնավիրուսի մեծ դեպքերի պատճառը վարչակազմի վարած քաղաքականության մեջ բացթողումներն են:
Այսօր էլ, չնայած հիվանդության տարածման մեծ արագությանը, ամերիկացիները շարունակում են ողողել ամառային հանգստավայրերն ու լողափերը: Տարբեր նահանգներ ունեն տարբեր օրենքներ: Եվ դիմակներ կրելու, թեստավորման ու տնտեսությունը վերաբացելու դաշնային կառավարության առաջարկությունների իրականացումը կախված է տվյալ նահանգի որոշումից: