Մատչելի հղումներ

Թրամփը դեռեւս չի որոշել, կճանաչի արդյոք նախագահական ընտրությունների արդյունքը, թե` ոչ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական պատասխան չի տալիս այն հարցին, թե ինքը կճանաչի արդյոք եկող նախագահական ընտրությունների արդյունքը, եթե պարտվի իր մրցակցին: Իսկ հասարակական հարցումները ցույց են տալիս, որ նա դեռեւս հետ է մնում դեմոկրատ իր մրցակից Ջո Բայդընից: ‘’Ես դեռեւս պիտի մտածեմ այդ մասին’’, ասել է Թրամփը: Նա նաեւ դատապարտել է պաշտպանության նախարարության ղեկավարությանն այն բանի համար, որ որոշել են Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո վերանվանել իրենց ռազմաբազաները` հրաժարվելով Կոնֆեդերացիայի ռազմական ղեկավարների անուններից:

Թրամփը դատապարտող հայտարարություններով է հանդես գալիս նաեւ երկրի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչիի հասցեին, ասելով, թե վերջինս ‘’մի քիչ ավելի է խուճապ առաջացնում’’: ‘’Համաճարակը վերանալու է’’, շարունակում է վստահաբար պնդել ԱՄՆ-ի նախագահը:

Նա տեսնում է, թե ինչպես է իր վարկանիշն անկում ապրում կորոնավիրուսի դեմ ոչ բավարար պայքար ծավալելու մեղադրանքների ներքո: Նա տեսնում է, թե ինչպես է ձայներ կորցնում Ֆլոյդի սպանությունից հետո բռնած դիրքի պատճառով: Բայց նա շարունակում է պնդել, որ այդ հարցումների պատասխանները կեղծված են: ‘’Այդ հարցումները կեղծված էին 2016 թվականին, այդ հարցումները կեղծում են նաեւ այսօր’’, ասում է նա: Ինչ վերաբերում է Ֆլոյդի սպանությանը, Թրամփն ասում է, թե հասկանում է մարդկանց վրդովմունքը, ու ավելացնում, որ ‘’նման գործողությունների զոհ են դառնում նաեւ սպիտակամորթ մարդիկ’’:

Խոսելով Բայդընի մասին` Թրամփը հիշեցնում է վերջինիս տարիքի մասին, ասելով, որ 77-ամյա դեմոկրատ թեկնածուն շատ ծեր է երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Նրա հանրապետական աջակիցներն էլ մեղադրում են Բայդընին, կորոնավիրուսի համաճարակը պատրվակ ընտրելով, ընտրողների հետ հանդիպումներից խուսափելու եւ Դելավեր նահանգում իր տանը պատսպարված մնալու համար:

XS
SM
MD
LG