ԱՄՆ-ի Վիսքոնսին նահանգի Էլքհարթ Լեյք քաղաքում ‘’Ինդիքար’’ անվանումը կրող ավտոմրցույթի երկրպագուները, կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանափակումներն ուժի մեջ մտնելուց ի վեր, առաջին անգամը լինելով, հավաքվել են հազարներով: Այստեղ հորդորում են կրել դիմակներ, սակայն այն չի կրում պարտադիր բնույթ:
Ինչպես երկրպագուներից շատերն են ասում, իրենք այնքան շատ են սիրում այս մրցաշարը, որ չեն էլ մտածում վարակի մասին:
Աշխատակազմի բոլոր անդամները կրում են դիմակներ, դիմակներ են կրում նաեւ մրցաշարին մասնակվող վարորդները: Սակայն ոմանք դժգոհում են, որ այդ հարցում դրական մոտեցում չունեն հանդիսատեսներից շատերը:
Իսկ Ֆլորիդա նահանգը բացել է իր Դիսնի Ուորլդ զվարճանքների այգին, որտեղ դիմակ կրելը պարտադիր է: Ինչպես ԱՄՆ-ի առողջապահության փոխնախարար, ծովակալ Բրեթ Գիրոյրն է ասում, դիմակները կարող են խոչընդոտել վարակի տարածումը հատկապես այն հատվածներում, որտեղ վարակն այսօր արագ է տարածվում:
‘’Դիմակ կրելով` դուք թույլ չեք տալիս, որ ձեզ մոտ առկա վարակի մասնիկները տարածվեն դեպի մյուսները: Ու եթե անտեսենք այս հանգամանքը, վիրուսի տարածումը վերջնականապես կդառնա անվերահսկելի’’, ասում է նա:
Դիմակ է սկսել կրել նաեւ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, որը շաբաթներ շարունակ հրաժարվում էր ընդունել իր բոլոր խորհրդականների պահանջները:
‘’Ես երբեք դեմ չեմ եղել դիմակ կրելուն, սակայն կարծում եմ, որ այն ունի կրելու ժամանակ ու տեղ’’, ասել է նա:
Դիմակ կրելու պահանջն աճում է նաեւ Մեծ Բրիտանիայում, որտեղ վարչապետ Բորիս Ջոնսոնն ակնարկել է երկրի ամբողջ տարածքում ավելի խիստ սահմանափակոիւմներ սկսելու հնարավորության մասին:
Առողջապահության փորձագետներն ասում են, թե դիմակ կրելը կորոնավիրուսի տարածման առաջն առնելու միակ ուղին չէ:
ԱՄՆ-ի առողջապահության փոխնախարարի խոսքերով, հարկավոր է դադարեցնել բարերի գործունեությունը, նվազեցնել ռեստորաններում հաճախորդների թիվը: ‘’Չափազանց մեծ ուշադրություն է հարկավոր դարձնել հիգիենային’’, ասել է նա:
Առայժմ միայն այս միջոցներով կարող ենք պայքարել կորոնավիրուսի դեմ, ասում է ծովակալը մի երկրի, որտեղ ամեն օր նոր վարակակիրների թիվը գրանցում է ռեկորդային աճ: