Մատչելի հղումներ

Ֆլորիդայում կորոնավիրուսի արագ աճը եւ դիմակներ կրելու հարցում համառությունը


Ֆլորիդան, որն այսօր դարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն, նաեւ համարվում է դիմակներ կրելու պահանջին դեմ ամենաբարձրը բողոքով մարդկանց հավաքատեղի: Այստեղ անցկացվում են արշավներ` ընդդեմ դիմակների: Բողոքի ալիք է բարձրացել մի նահանգում, որտեղ միայն մեկ օրում գրանցվում է ավելի քան 15 հազար նոր դեպք: Ու եթե Ֆլորիդան լիներ անկախ պետություն, կհամարվեր մեկ օրում կորոնավիրուսով վարակված անձանց թվով չորրորդն աշխարհում` իր հետեւում թողնելով ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:

Այստեղ կորոնավիրուսի տարածման արագությունն անցել է եւրոպական բոլոր երկրներում գրանցված արագությանը, ինչպես նաեւ մեկ օրվա տվյալներով ռեկորդը վերցրել է Նյու Յորքից, որտեղ ամենաբարձր ցուցանիշը եղել է 12.847:

Ֆլորիդայի ցուցանիշների վերջին աճը գրանցվել է Օրլանդոյում Ուոլթ Դիսնեյի զվարճանքների այգին վերաբացելու հաջորդ օրը: Ճիշտ է, պուրակում դիմակ կրելը պարտադիր է, սակայն այս նահանգում, ինչպես նաեւ Միչիգանում դիմակների դեմ հանդես եկողները փոքր թիվ չեն կազմում: Այստեղ բողոքի ակցիաներ կազմակերպող անձինք պնդում են, որ դիմակ կրելը հրաման չի կարող լինել, քանի որ իրենք ունեն իրենց անհատական իրավունքները:

Կորոնավիրուսն արագ տարածվում է ԱՄՆ-ի 40 նահանգներում, երկիր, որը վարակակիրների թվով շարունակում է աշխարհում մնալ առաջին տեղում, մեկ օրում գրանցում ավելի քան 60 հազար նոր դեպք:

Իսկ քանի որ տնտեսական աճի խոստումներով հանդես եկած նախագահ Թրամփը կանգնած է նոր ընտրությունների առջեւ, իրականացնում է քայլեր` փակված բիզնեսներն ու դպրոցները վերաբացելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG