Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը Այա Սոֆիան պաշտոնապես հաստատում է որպես մզկիթ


Թուրքիայի նախագահի հրամանով Ստամբուլում գտնվող, 6-րդ դարում կառուցված Այա Սոֆիայի տաճարը վերածվում է մզկիթի: Դրանից մի քանի ժամ առաջ էր երկրի բարձրագույն դատարաններից մեկը չեղարկել այն թանգարանի վերածելու մասին 1934 թվականին ընդունված որոշումը:

Ռեջեփ Էրդողանի հրամանը մեծ մտահոգություն է առաջ բերել Ուղղափառ Եկեղեցում: Այա Սոֆիայի տաճարը մեկ անգամ մզկիթի էր վերածվել Կոստանդնուպոլիսը Օսմանյան կայսրության կողմից գրավվելուց հետ: Սակայն արդեն 86 տարի այն ծառայում էր որպես թանգարան, ուր ամեն տարի այցելում էին միլիոնավոր զբոսաշրջիկներ:

Որոշումը հրապարակվելուց հետո Այա Սոֆիայի առջեւ հավաքված ամբոխը բացականչում էր ‘’Ալլահը մեծ է’’ կոչը: Մայրաքաղաք Անկարայում օրենսդիրները ոտնկայս էին ծափահարում ընդունված որոշման համար:

Հեռուստատեսային ուղերձի ժամանակ Էրդողանն ասել է, թե առաջին աղոթքներն այստեղ կսկսվեն հուլիսի 24-ից: ‘’Թուրքիայի իրավունքն է որոշել, թե ինչ նպատակներով է այն ուզում կիրառել Այա Սոֆիան’’, ասել է Էրդողանը: Նա մերժում է այն տեսակետը, որ այսպիսով ավարտին է հասցվում որպես թանգարան բոլոր հավատքների միասնությունը խորհրդանշող կառույցի կարգավիճակը:

‘’Մեր մյուս բոլոր մզկիթների նման Այա Սոֆիան բաց է լինելու բոլոր առջեւ, տեղացիների, օտար քաղաքացիների, մահմեդականների ու ոչ մահմեդականների համար’’, ասել է Էրդողանը` անտեսելով միջազգային համայքնի կողմից հնչող քննադատությունները

Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում` Սալոնիկում բողոքի ցույց է անցկացվել նույն` Այա Սոֆիա անվանումը կրող եւ նույն ոճով կառուցված եկեղեցու առջեւ: Ցույցի մասնակիցները, կրելով Հունաստանի եւ հին Բյուզանդիայի դրոշներ, վանկարել են. ‘’Մենք մոմեր ենք վառելու Այա Սոֆիայում’’:

Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը դատապարտել են նաեւ Կիպրոսի իշխանություններն ու Ռուսաստանը:

‘’Այն մզկիթի վերածելով, Թուրքիան փորձում է ջնջել անցած հարյուրամյակների պատմությունը’’, ասում են շատերը:

Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Գարո Փայլանի թվիթերյան գրառման մեջ ասված է. ‘’Տխուր օր է քրիստոնյաների ու բոլոր նրանց համար, ովքեր դեռ հավատում էին Թուրքիայի բազմակարծությանը’’: Նրա խոսքերով, այս որոշումը քրիստոնյաների կյանքն է՛լ ավելի կդժվարացնի Թուրքիայում, մահմեդականների կյանքը` Եվրոպայում:

Ինչպես Ստամբուլից գործող Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր առաջնորդ Բարդուղեմիոս Ա պատրիարքն է ասել մեկ ամիս առաջ, կառույցը մզկիթի վերածելու փաստը ‘’աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների կհանի ընդդեմ Իսլամի’’:

Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք կառուցված Այա Սոֆիան դարեր շարունակ եղել է Արեւելյան Ուղղափառ Եկեղեցու կենտրոնը, որտեղ օծվել են կայսրեր: Տաճարի շուրջ մահմեդական մինարեթներ են կառուցվել 1453 թվականին Կոստանդնուպոլիսը օսմանցիների կողմից գրավվելուց հետո, քաղաք, որն ավելի ուշ նրանք վերանվանել են Ստամբուլ:

XS
SM
MD
LG