Մատչելի հղումներ

Թրամփի հրամանի համաձայն նրա վաղեմի խորհրդականն ազատվում է բանտարկվելուց


Պահոց

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է իր նախկին խորհրդական Ռոջեր Ստոունի ազատազրկման մասին դատարանի վճիռը մեղմելու մասին հրաման: Հրամանն արձակվել է բանտարկության ժամկետը սկսվելուց մի քանի օր առաջ:

Ստոունը դատարանում մեղավոր էր ճանաչվել երդման ներքո ստելու եւ դատավարության ընթացքը խաթարելու մեջ, երբ այն լսում էր ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը: Դատարանը կայացրել էր Ստոունին երեք տարի չորս ամիս ազատազրկելու մասին վճիռ:

Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ ասված է, ‘’Ռոջեր Ստոունն արդեն իսկ մեծապես տառապել է: Նրա նկատմամբ արդար չեն վարվել, այնպես ինչպես այս գործի հետ առնչություն ունեցող մյուս անձինք: Ռոջեր Ստոունն այժմ ազատ մարդ է’’:

Վճիռը մեղմելու որոշումը չի ապահովում լիակատար ներում եւ չի վերացնում Ստոունի նկատմամբ հարուցված հանցագործության մեղադրանքն այնպես, ինչպես կարող էր անել ներման մասին որոշումը: Թրամփի ստորագրած այս հրամանը Ստոունին պարզապես ազատում է պատիժը բանտային պայմաններում անցկացնելուց:

Թրամփի որոշումը հրապարակվելուց հետո Ստոունը Ֆլորիդայի Ֆորթ Լոդըրդեյլ քաղաքում գտնվող իր տնից դուրս է եկել ‘’Ազատ Ռոջեր Ստոուն’’ բառերը կրող դիմակը դեմքին ու լրագրողներին ասել. ‘’Սարսափելի, սարսափելի մղձավանջ է, երբ տեսնում ես, որ հետաքննությունը չի ունեցել օրինական ու իրավական սկիզբ: Այն վհուկաորս էր’’, ասել է նա:

Ստոունն ասել է նաեւ, թե իրեն ազատելու մտադրության մասին նախագահն իրեն էր զանգահարել ուրբաթ օրը ու հորդորել դատական կարգով հասնել իր արդարացմանը: Ստոունը շարունակ պնդել է, որ իր դեմ մեղադրանքներ են հարուցվել քաղաքական դրդապատճառներով:

Թրամփի կայացրած որոշումն արժանանում է նրա ընդդիմադիրների սուր քննադատությանը: Ինչպես Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն է ասել, ‘’Պատիժը մեղմելու այս որոշումով Թրամփն ապացուցում է, որ Ամերիկայում կա արդարադատության երկու համակարգ` մեկը նրա հանցագործ ընկերների, մյուսը` մյուս բոլորի համար’’:

Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարք Ուորների խոսքերով էլ, ‘’Միացյալ Նահանգները հիմնադրվել է օրենքի գերակայության սկզբունքի վրա: Սակայն թվում է, որ մեր նախագահը պարզապես արհամարհում է դա’’:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, ‘’Ստոունը Ռուսաստանի շուրջ մոգոնված ստի զոհն է, սուտ, որը հորինել են ձախերը ու մամուլում նրանց դաշնակիցները` նպատակ ունենալով խարխլել Թրամփի նախագահության հիմքերը’’:

XS
SM
MD
LG