Մատչելի հղումներ

‘’Հեռանալ, թե՞ չհեռանալ ԱՄՆ-ից’’, կամ ի՞նչ անել, եթե կա շահում, սակայն չկա վիզա


ԱՄՆ-ում օտարերկրյա ուսանողները, որոնց թիվն այսօր հասնում է մի քանի հարյուր հազարի, ստիպված են լինելու հեռանալ ԱՄՆ-ից, եթե նրանց բոլոր դասերն ուսումնական եկող տարվա ընթացքում անցկացվեն առցանց: Նրանց համար այստեղ մնալու միակ տարբերակն այն համալսարաններ տեղափոխվելն է, որոնք ուսուցումը վերսկսելու են լսարաններում:

Դեռեւս չկա հաշվարկ այն մասին, թե ուսանողական վիզաներ ունեցող քանի պատանիներ ու երիտասարդներ են իրենց վրա զգալու ԱՄՆ-ի կառավարության այս որոշման ազդեցությունը: Սակայն այն, որ կտուժեն ոչ միայն ուսանողները, այլ նաեւ համալսարանները, փաստ է, քանի որ օտարերկրյա ուսանողներն այդ հաստատություններին են մուծում իրենց դասընթացների համար պահանջվող ամբողջ գումարը, ի տարբերություն ամերիկացիների, որոնց մի մասը ստանում է պետական նպաստներ, մի մասն էլ` պետական վարկեր:

Ինչպես ԱՄՆ-ի ներգաղթի եւ սահմանային վերահսկողության ծառայությունն է շարունակ զգուշացնում, այն ուսանողները, որոնք կփորձեն մնալ, կարտաքսվեն այստեղից: Խոսքը վերաբերում է F-1 եւ M-1 տիպի վիզաներ ունեցող անձանց: 2019-ի ֆինանսական տարվա ընթացքում Պետդեպարտամենտը նման վիզաներ է տրամադրել մոտ 399 հազար անձանց:

Համալսարաններն ու քոլեջները, որոնք որոշել են դասերը վերսկսել դասասենյակներում, արտասահմանցի ուսանողներին տեղեկացնում են, որ նրանք կարող են մնալ այստեղ ու ներկայանալ դասերի, սակայն եթե կորոնավիրուսի սրման դեպքում որոշվի դասերը շարունակել առցանց, նրանք այդ ժամանակ ստիպված կլինեն հեռանալ ԱՄՆ-ից:

Ինչպես Վենեսուելայից այստեղ ուսումը շարունակելու նպատակ ունեցող Ռաուլ Ռոմերոն է ասում, այդ լուրը լսելուն պես ինքը սկսել է լաց լինել: Նա չգիտի, թե քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող իր հայրենիքում ինչպես է կարողանալու դասերին մասնակցել ինտերնետով: Նրա խոսքերով, դա գրեթե անհնար է: Նա չի ունենալու բավարար սնունդ, չի ունենալու բավարար եկամուտ եւ իր ներկա դասընկերների համեմատ հայտնվելու է ոչ հավասար պայմաններում:

Նման պատմությունները շատ են, արտասահմանցի ուսանողների շրջանում անհանգստությունը` շատ մեծ:

Ամերիկայի կրթության խորհուրդը, որը ներկայացնում է երկրի համալսարանների ու քոլեջների 1700 նախագահներին, արտասահմանցի ուսանողներին հեռանալու հրահանգ տալու կառավարության որոշումն անվանում է ‘’սարսափելի’’:

Իսկ համաճարակի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուժի մեջ է դրել օրինական եւ անօրինական ներգաղթի դեմ խստացված մի շարք օրենքներ: Վարչակազմը միայն վերջերս դադարեցրեց աշխատանքային վիզաների տրամադրումն օտար երկրների քաղաքացիներին, հայտարարելով, որ, այս աշխատավորներն այստեղ գալով, աշխատատեղերը վերցնում են ամերիկացիներից: Փակվել է նաեւ Մեքսիկայի կողմից փախստականների մուտքն ԱՄՆ`պատճառաբանելով վիրուսի տարածման վտանգը: Ինչ վերաբերում է գրին քարտ շահած անձանց, ապա նրանք իրենց զգացին խաբված, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մինչեւ տարեվերջ երկարաձգեց այն որոշումը, որի համաձայն իրենք չեն կարող մուտք գործել ԱՄՆ, եթե մինչ որոշումն ընդունվելը չեն հասցրել ժամանել այստեղ:

XS
SM
MD
LG