Քաղաքական գործիչներն ու կրթության բնագավառի պաշտոնատար անձինք քննադատում են դասընթացներն առցանց հարթակի փոխանցելու արդյունքում օտարազգի ուսանողներին վիզա չտրամադրելու ԱՄՆ-ի որոշումը:
ԱՄՆ-ի ներգաղթի եւ սահմանային վերահսկողության ծառայությունը հայտարարել է, որ այն ուսանողները, որոնց դասընթացները ներկայումս անցկացվում են առցանց, պետք է հեռանան երկրից, այլապես կենթարկվեն արտաքսման: Բացառություն կկազմեն օտարազգի այն ուսանողները, որոնք կտեղափոխվեն լիաժամ դասընթացների:
Ասենք, որ ԱՄՆ-ում մի շարք համալսարաններ քննարկում են կորոնավիրուսի պատճառով եկող ուսումնական տարին առցանց անցկացնելու հարցը: Դեռեւս հայտնի չէ, թե կայացված որոշումը արտասահմանցի քանի ուսանողների վրա կունենա ազդեցություն: Որոշումը տարածվում է այն ուսանողների վրա, որոնք ներկայումս ԱՄՆ-ում են F-1 եւ M-1 վիզաներով:
Այս մասին հայտարարություն տարածվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Հարվարդի համալսարանն ընդունեց ուսումնական նոր տարին բացառապես առցանց սկսելու որոշման մասին: Խոսքը վերաբերում է նաեւ սահմանափակ թվով այն ուսանողներին, որոնք բնակվում են համալսարանական հանրակացարաններում:
Ըստ կրթական համակարգի հաշվարկների, ԱՄՆ-ի համալսարանների 9 տոկոսը ծրագրում է այս տարվա աշնանային բոլոր դասընթացներն անցկացնել առցանց:
ԱՄՆ-ի ներգաղթի եւ սահմանային վերահսկողության ծառայության կայացրած որոշումը ‘’բթամիտ’’ է անվանել Հարվարդի համալսարանի նախագահ Լարրի Բաքովը: Նրա խոսքերով, բարդ այս խնդրի նկատմամբ այն միակողմանի մոտեցում է:
Դեմոկրատ կոնգրեսական Էլիզաբեթ Ուորենի խոսքերով, ‘’Համաշխարհային համաճարակի պայմաններում միջազգային ուսանողներին ԱՄՆ-ից դուրս վռնդելու որոշումը վիրավորական է ուսանողության համար: Այն անմիտ, դաժան ու օտարամերժության վրա հենված որոշում է’’, ասել է նա:
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանթա Փաուերը: Ինչպես ‘’ԲիԲիՍի’’ կայանն է տեղեկացնում, Նյու Յորքի համալսարանի դասախոսներից Էլիզաբեթ Սպիըրն էլ հիշեցրել է, որ օտարազգի ուսնողներն այստեղից հեռանալուց հետո չպետք է կարողանան լիարժեք կերպով մասնակցել առցանց դասընթացներին նաեւ ժամանակային տարբերության պատճառով:
ԱՄՆ-ի կառավարության տվյալներով միայն անցյալ տարի ուսանողական վիզաներ են հատկացվել ավելի քան 373 հազար պատանիների: ԱՄՆ-ում 2018-19-ի ուսումնական տարվա ընթացքում ավարտական եւ նախաավարտական ծրագրերի են մասնակցել միջազգային ավելի քան մեկ միլիոն ուսանողներ: ԱՄՆ-ի համալսարաններում օտարազգի ուսանողների մասնակցությունը երկրին տարեկան բերում է 45 միլիարդ դոլարի եկամուտ: