Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան կրկնում է, որ չունի ԱՄՆ-ի հետ հանդիպելու ծրագիր


Հյուսիսային Կորեան շաբաթ օրը մեկ անգամ եւս կրկնեց, որ չունի Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու ծրագիր: Բանակցություններ Հյուսիսը չի սկսի, քանի դեռ, ըստ Փհենյանի, Վաշինգտոնը չի հրաժարվել իր նկատմամբ ‘’թշնամական’’ քաղաքականությունից:

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի առաջին տեղակալը, պատասխանելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այն մեկնաբանություններին, որոնց համաձայն նախագահ Դոնալդ Թրամփը մինչեւ ընտրությունները, հոկտեմբեր ամսին Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընին կարող է հրավիրել մասնակցելու հաջորդ գագաթաժողովին:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինը, որը եռանդուն աշխատանք է ծավալում Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ, եւս հայտնել էր լավատեսություն, որ Թրամփն ու Կիմը կհանդիպեն մինչեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ երկու առաջնորդների միջեւ 2018 թվականից ի վեր հանդիպումներ են անցկացվել երեք անգամ, սակայն Վիետնամում երկրորդ գագաթաժողովի տապալումից հետո հանդիպում տեղի չի ունեցել: Գագաթաժողովը շատ արագ էր ավարտվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել էր ընդունել միջուկային ծրագրից մասնակիորեն հրաժարվելու դիմաց Հյուսիսի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու Կիմ Չան Ընի նախապայմանը:

XS
SM
MD
LG