Հոնկոնգում սկսվել են ձերբակալություններ՝հիմք ընդունելով վերջերս ընդունած նոր օրենսդրությունը, որը սահմանափակում է Հոնկոնգի ինքնավարությունը: Այս տարի լրանում է Հոնկոնգը Չինաստանին հանձնելու 23-րդ տարեդարձը: Հանձման պայմանգրով Հոնկոնգի դեպքում պետք է գործեր ՛՛մեկ երկիր, երկու համակարգեր՛՛ մոտեցումը:
Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է, որ Հոնկոնգը եղել է աշխարհի ծաղկուն և դինամիկ զարգացող բնակավայրերից մեկը, սակայն այժմ վերածվում է կոմունիստական կուսակցության տիրության տակ հայտնված հերթական մի քաղաքի:
Չինաստանի նոր օրենսդրությունը սահմանափակումներ է կիրառում Հոնկոնգի նկատմամբ, ներառյալ ազատ խոսքի ու հավաքների հարցում: Այն քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների կողմից:
Սենատում ԱՄՆ-ի մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելն ընդգծում է, որ սովորաբար այս տարեդարձը անցել է խաղաղ մթնոլորտում, սակայն այսօր այն փոխարինվել է խաղաղ ցուցարարների ձերբակալություններով: Պեկինը, ըստ Մաքքոնելի, կիրառում է պատժիչ գործողություններ Հոնկոնգի դեմ՝ անտեսելով վերջինիս ներքին ինավարությունը:
Չինաստանը նոր օրենքն ընդունել է գաղտնի`առանց հոնկոնգցիների մասնակցության: Դա մտահոգում է ԱՄՆ կոնգրեսականներին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մտահոգված է, որ այս օրենքը կարող է հետադարձ կերպով կիրառվել հոնկոնգցիների դեմ:
Ամերիկացի օրենսդիրներին մտահոգում է նաև, որ նոր օրենսդրությամբ կասկածյալները կարող են հետաքննվել Հոնկոնգից դուրս Չինաստանի տարածքում: Սենատոր Ռուբիոն կանխատեսում է, որ Չինաստանը պատրաստվում է հետապնդումներ կիրառել մի շարք անձանց կամ խմբերի դեմ, որոնց թիրախավորել է Պեկինը:
Այս նոր օրենքը մտահոգություն է առաջացնում նաև փորձագիտական շրջանակներում: Այն, ըստ վերլուծաբանների, Չինաստանին մեծ լիազորություններ է տալիս բռնություններ և հետապնդումներ իրականացնելու հարցում:
ԱՄՆ-ի օրենսդիրները շեշտում են, որ՝ Հոնկոնգը կարող է ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը: Հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքաունելն այս պայքարը որակել է բռնապետության և ազատության միջև պայքար, որին պետք է արձագանքի ողջ աշխարհը:
ԱՄՆ Սենատն անցած շաբաթ ընդունեց պատժամիջոցների մասին նոր օրինագիծ, որով սանկցիաներ են սահմանվում Չինաստանի բոլոր այն բանկերի, անձանց, կառույցների ու պաշտոնյաների հանդեպ, ովքեր ներգրաված են օրենքի ընդունման գործում: Այժմ հերթը Ներկայացուցիչների պալատին է: Սպասվում է, որ այն շուտով կընդունի համապատասխան օրինագիծ:
Դրա հետ մեկտեղ սակայն դեմոկրատները շարունակում են պնդել, որ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ կորցրել է Չինաստանի վրա իր ազդեցության շատ լծակներ:
Facebook Forum