Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ամեն օր վարակվածների թիվը կարող է հասնել 100 հազարի


Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է իր հույսը դնի կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութի վրա: Այս մասին է հայտարարել երկրի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին եւ նախազգուշացրել, որ վարակի դեմ անհրաժեշտ գործողություններ չիրականացնելու դեպքում ամենօրյա կտրվածքով հիվանդության դեպքերը նկատելիորեն կաճեն:

Կալիֆորնիան, Թեքսասն ու մի շարք այլ նահանգներ տեղեկացնում են կորոնավիրուսի նոր դեպքերի ու դրան զուգահեռ` մահացությունների թվի աճի մասին: Վարակի նոր ալիքը ստիպում է ավելի լավ ըմբռնել այս հիվանդության վտանգի չափը եւ ավելի զարկ տալ դրա դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին:

‘’Չկա որեւէ երաշխիք, եւ այս մասին կհաստատեն այս բնագավառի բոլոր մասնագետները, որ կունենանք ապահով ու արդյունավետ պատվաստանյութ’’, ասել է Էնթոնի Ֆաուչին, որը ղեկավարում է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային հաստատությունը: Սակայն, ասել է նա, իրենք ունեն հույս եւ մանրազննին ուսումնասիրում են կենդանիների վրա իրականացված փորձերի արդյունքը: ‘’Իսկ արդյունավետության մասին եզրակացություններ կարող ենք անել միայն ձմռանը եւ հաջորդ տարվա սկզբին’’, ասել է նա:

Նա նորից հորդորում է մարդկանց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ ու նախազգուշացնում, որ ներկա պահին ամենօրյա կտրվածքով նոր դեպքերը 40 հազարից կարող են հասնել 100 հազարի:

Ֆաուչին այս հայտարարությամբ է հանդես գալիս ի պատասխան այն տեղեկությունների, որ որոշ քաղաքներում սկսել են անտեսել սահմանափակումների պայմանները:

Հարավային ու արեւմտյան մի շարք նահանգներ, որտեղ այսօր գրանցվում է նոր դեպքերի նկատելի աճ, մինչ այդ վերաբացել էին բիզնեսները` անտեսելով կառավարության կողմից ներկայացված պահանջները: Միայն հունիս ամսին կովիդ 19 հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը կրկնապատկվել է երկրի տասը նահանգներում, այդ թվում` Թեքսասում եւ Ֆլորիդայում:

XS
SM
MD
LG