Մատչելի հղումներ

Իմացե՞լ է արդյոք նախագահ Թրամփը, որ ռուսները դրամական միջոցներ են առաջարկել թալիբներին` ամերիկացի զոհերի դիմաց


ԱՄՆ-ի օրենսդիրները կոչ են անում անհապաղ սկսել հետաքննություն, քննելու համար այն հաղորդագրությունները, ըստ որոնց Ռուսաստանը հատկացումներ է կատարել Աֆղանստանում Թալիբանին աջակից խմբավորումներին: Ըստ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների, ռուսական մի զորամաս դրամական միջոցներ է առաջարկել Թալիբանին աջակից զինյալներին` Աֆղանստանում ամերիկացի զոհերի դիմաց: Սպիտակ տունը հերքում է ‘’Նյու Յորք թայմզ’’-ի այն հրապարակումը, ըստ որի հետախուզական այս տվյալները ներկայացվել են նախագահ Թրամփին:

Ինչպես Սպիտակ տան մամլո քարտուղարն է ասել, հետախուզական գործակալությունների միջեւ եղել են տարակարծություններ: ‘’Մինչեւ բոլորի կարծիքը վերջնական հաստատում չի ստանում, այն չի հասնում նախագահին’’, ասել է նա:

Սենատում դեմոկրատ անդամները սա համարում են աններելի: Նրանցից Չաք Շումերն ասում է, որ եթե նախագահը չի տեղեկացվել, ուրեմն ինչպե՞ս կարող է նա ղեկավարել վարչակազմը: ‘’Իսկ եթե տեղեկացված եք եղել ու ոչինչ չեք արել, ապա դա ավելի վատ է: Ամոթ ձեզ, ամոթ ձեզ’’, ասել է Շումերը` խոսքն ուղղելով Թրամփին:

Քանի դեռ հանրապետական սենատորները փորձում են պարզել, թե ինչու նախագահին տեղյակ չեն պահել այս մասին, դեմոկրատները, ինչպես օրինակ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարքը, հայտարարում են, որ սա նորից է ապացուցում, որ Թրամփը Պուտինի նկատմամբ չի բանեցնում անհրաժեշտ կարծր քաղաքականություն:

Սպիտակ տունն էլ պնդում է, որ այս նախագահը չափազանց կարծր քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ: ‘’Այն պատժամիջոցներ է իրականացում ռուս հարյուրավոր անհատների նկատմամբ, արտաքսել է տասնյակ դիվանագետների, փակել է ռուսական երկու հյուպատոսություն, դուրս է եկել Միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռները ոչնչացնելու պայմանագրից’’, ասում է Սպիտակ տան խոսնակը:

Ասենք, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թալիբանը հերքում են մեղադրանքը: Սակայն ‘’Նյու Յորք թայմզ’’-ի հրապարակումն այն մասին, որ ռուսական մի զորամաս միջոցներ է առաջարկել Թալիբանին աջակից զինյալներին` Աֆղանստանում ամերիկացի զոհերի դիմաց, հաստատվել է նաեւ բրիտանական հետախուզության կողմից:

XS
SM
MD
LG