Մատչելի հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 25 տոկոսն ամերիկացիներն են


Կորոնավիրուսի դեմ պայքարում փորձագետները մարտավարության փոփոխություն չեն առաջարկում: Պայքարի միակ ձեւն առայժմ մնում են դիմակներ կրելու, հեռավորություն պահպանելու եւ ձեռքերը լավ լվանալու միջոցները:

Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին է ասում, ‘’եթե հրդեհն այժմ չմարենք, նրանք, ովքեր իրենց այսօր լավ են զգում, կդառնան խոցելի այս վարակի առջեւ: Այս հիվանդության դեմ պայքարում կարող ենք հաղթել միայն միասնաբար’’:

ԱՄՆ-ում է բնակվում աշխարհի բնակչության միայն 4 տոկոսը, սակայն այստեղ է գտնվում աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց քառորդը: Միայն Արքանզաս նահանգում դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է 25 տոկոսով:

Նահանգապետ Հաթչինսոնը նույնպես հորդորում է մարդկանց ավելի լավ ենթարկվել Պաշտպանական արտադրության ակտին, որը նախագահ Թրամփին տալիս է նահանգների արդյունաբերությունը կառավարելու արտակարգ լիազորություններ:

Իսկ ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին է ասում, բաց է թողնվել ճիշտ պահին դիմակներ կրելու ժամանակը, ու մեղադրում է Թրամփի վարչակազմին ժամանակին դա չկարգավորելու մեջ:

‘’Հիվանդությունների վերահսկման կենտրոնն առաջարկել էր կրել դիմակներ, սակայն չէր պահանջել, քանի որ չէր ուզում ընդդիմանալ նախագահին: Նախագահն ինքը պիտի լիներ օրինակ: Եղե՛ք օրինակ ամբողջ ժողովրդի համար ու կրե՛ք դիմակ: Դա ձեզ պաշտպանելու համար չէ, դրա նպատակը մյուսներին պաշտպանելն է’’, ասել է Փելոսին:

Այո, նախագահ Թրամփը սովորաբար չի կրում դիմակ, եւ վերջին հանրահավաքի ժամանակ էլ Օքլահոմայում նա ԱՄՆ-ում իրականացվող մեծ թվով թեստավորումներն էր համարում կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ արձանագրելու պատճառ:

‘’Թեստավորումը երկսայր թուր է: Որքան ավելի մեծ թվով մարդկանց ենք թեստավորում, այնքան ավելի մեծ թվեր են գրանցվում վարակվածների մասին’’, ասել է նա ու հավելել, որ այստեղ 25 միլիոն մարդ է մինչ այժմ թեստավորվել:

ԱՄՆ-ում կովիդ 19-ին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 128 հազար մարդ: Աշխարհում մահացածների թիվն անեցել է 506 հազարը:

XS
SM
MD
LG