Մատչելի հղումներ

Եվրամիության երկրները համաձայնության չեն գալիս այլ երկրներից զբոսաշրջիկներ ընդունելու հարցում


Եվրոպական միության երկրներին չի հաջողվում համաձայնության գալ երկրների այն ցանկը կազմելու հարցում, որոնց մշտական բնակիչները կունենան հուլիս ամսից այստեղ այց կատարելու իրավունք: Ցանկից դուրս են մնում Միացյալ Նահանգները, Բրազիլիան ու Ռուսաստանը: Միության 27 անդամ պետությունների դեսպանները հավաքվել էին որոշելու համար թույլտվության համար անհրաժեշտ պայմանները:

Դեսպաններն ասել են, թե մոտ քսան երկրներ ընդգրկող ցուցակն իրենք պիտի քննարկեն իրենց կառավարությունների հետ:

ԱՄՆ-ից մարդիկ կարող են այցելել Եվրոպական միություն, եթե բավարարեն բոլոր պահանջները, այդ թվում ջերմաչափումը:

Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել նախ բացել ներքին սահմանները, որից հետո աստիճանաբար բացել մյուս երկրների հետ օդային սահմանները: Սակայն առաջին փուլը չի գնացել ըստ ծրագրվածի: Հունաստանը պահանջում է անցկացնել Եվրոպական միության մի շարք երկրներից, այդ թվում Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ Իսպանիայից ժամանող անձանց թեստավորում: Ժամանողները, ըստ Հունաստանի պահանջի, պետք է ինքնամեկուսացվեն մինչեւ թեստավորման պատասխանը ստանալը:

Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է, թե զբոսաշրջիկներ չի ընդունելու Պորտուգալիայից, Շվեդիայից ու Լեհաստանի որոշ հատվածներից:

Եվրամիության երկրները համաձայնության են եկել այն հարցում, որ սահմանները պիտի բացվեն այն երկրների առջեւ, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը նման է կամ ավելի բարվոք է իրենց երկրների համեմատ: Սակայն խնդիրն այն է, թե ինչպես են որոշելու, որ երկրում է ավելի բարվոք, երբ կան երկրներ, ինչպես օրինակ Թանզանիան, Թուրքմենստանը կամ Լաոսը, որոնք արդեն երկու շաբաթ չեն ներկայացնում պաշտոնական տվյալներ:

XS
SM
MD
LG