Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի գլխավոր ավիաուղիների ղեկավարներն իրենց պահանջներն են ներկայացնում կառավարությանը


ԱՄՆ-ի գլխավոր ավիաուղիների ղեկավարներն ուրբաթ օրը հանդիպում են ունեցել երկրի փոխնախագահ Մայք Փենսի ու վարչակազմի պաշտոնատար մի շարք այլ անձանց հետ: Ավիաընկերությունների շարքում են United Airlines, Delta Air Lines, American Airlines, JetBlue Airways եւ Southwest Airlines ընկերությունները: Նշված ընկերությունները ցանկանում են, որ ԱՄՆ-ի կառավարությունն իրականացնի բոլոր ուղեւորների ջերմությունը չափելու աշխատանքները: Վարչակազմը չի տեսնում որեւէ խնդիր, որ այդ գործն իր վրա վերցնի Տրանսպորտի անվտանգության վարչությունը: Սակայն կան մի շարք հարցեր, որոնք դեռեւս պատասխանների են սպասում: Օրինակ ի՞նչպես պետք է վարվել այն ուղեւորների հետ, որոնց բարձր ջերմության պատճառով արգելում են նստել օդանավ եւ ով պետք է ֆինանսավորի ստուգման աշխատանքները:

Գլխավոր ավիաուղիների ղեկավարներն ասել են, թե այդ ուղեւորներին իրենք կվերադարձնեն տոմսի ամբողջ արժեքը, եթե կառավարությունն իր վրա վերցնի ջերմությունը չափելու ամբողջ պատասխանատվությունը:

Օդագնացության արդյունաբերությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրել է աննախադեպ կորուստներ, եւ այս բնագավառի պաշտոնատար անձինք տեղեկացրել են կառավարությանը, որ ջերմությունը չափելու եւ դիմակներ կրելու հանգամանքը օդային երթեւեկության նկատմամբ մարդկանց վստահությունը վերականգնելու գլխավոր գործոններն են:

ԱՄՆ-ի կառավարությունն այժմ ուսումնասիրում է ներկայացված պահանջները: Օդագնացության արհմիությունը ակնկալում է, որ այդ նախաձեռնությունն իր վրա վերցնելով, կառավարությունը մեծապես կնպաստի օդագնացության արդյունաբերությանը:

XS
SM
MD
LG