Մատչելի հղումներ

Մոտ 10 միլիոն վարակակիր. ‘’Հարկավոր է թեստավորել նաեւ այս հազարամյակի ընթացքում ծնված անձանց’’


Կորոնավիրուսով մինչ այժմ վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 10 միլիոնի: Կովիդ 19-ին զոհ գնացածների թիվն էլ գրեթե կես միլիոն է: Մինչ այսօր ապաքինվել է ավելի քան 5 միլիոն մարդ:

Ընդհանուր վարակակիրների թվով առաջին տեղում է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, չնայած ազգաբնակչության տոկոսային հարաբերությամբ Հայաստանում այդ թիվն ավելի մեծ է: Եթե յուրաքանչյուր մեկ միլիոն մարդկանցից ԱՄՆ-ում վարակը կրում է 7718 մարդ, ապա Հայաստանում յուրաքանչյուր մեկ միլիոն ազգաբանկչության 8069-ն է կորոնավիրուսով վարակված:

Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին է ասում, Միացյալ Նահանգները կանգնում է ‘’լուրջ խնդրի’’ առջեւ, քանի որ 16 նահանգներում արձանագրվել է հիվանդության կտրուկ աճ: ‘’Սրան վերջ դնելու համար միակ ճանապարհը միասնաբար վերջ դնելն է’’, ասել է Ֆաուչին:

ԱՄՆ-ում միայն ուրբաթ օրը հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 40 հազար դեպք, հիվանդություն, որը վարակելով ավելի քան 2 եւ կես միլիոն մարդու այստեղ, խլել է նրանցից 127 հազարի կյանքը:

Սպիտակ տանն անցկացված մամլու ասուլիսի ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարը ղեկավարող խորհուրդը հորդորել է թեստավորել նաեւ այս հազարամյակի ընթացքում ծնված անձանց, չնայած այն հանգամանքին, որ մինչեւ 20 տարեկանները համարվում են ասիմպտոմատիկ` անախտանիշ, այսինքն կարող են կրել վարակը, սակայն ցույց չտալ որեւէ ախտանիշ:

Վարակի տարածումն ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքել հիմնականում հարավային ու արեւմտյան նահանգներում: Թեքսասում, Ֆլորիդայում եւ Արիզոնայում տնտեսությունը վերաբացելու ծրագրերը հետաձգվում են:

Ինչպես Ֆաուչին է ասում, կորոնավիրուսի տարածման արագության աճի պատճառները մի քանիսն են, որոնց շարքում են սահմանափակումները ժամանակից շուտ մեղմելու, ոչ պատշաճ կերպով այն իրականացնելու եւ պաշտպանության կանոնները ոչ ճիշտ կատարելու հանգամանքները:

Պաշտպանական միջոցները ժամանակին ու կարգապահությամբ կատարելու արդյունքում է, որ օրինակ Վիետնամում կորոնավիրուսով է վարակված յուրաքանչյուր մեկ միլիոն ազգաբնակչությունից միայն 4 մարդ:

XS
SM
MD
LG