Մատչելի հղումներ

Պուտինն ունի Ստալինից երկու տարի ավելի երկար կառավարելու ցանկություն


Կամչատկայից մինչեւ Կալինինգրադ մոտ 110 միլիոն մարդ մասնակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու ժամկետը երկու անգամ երկարաձգելու շուրջ անցկացվող հանրաքվեին: Հանրաքվեն նշանակված է հուլիսի 1-ին, սակայն մեծ կուտակումները կրճատելու նպատակով այն սկսվեց մեկ շաբաթ ավելի վաղ` հունիսի 25-ից:

Ըստ սահմանադրական փոփոխության, այժմ 67-ամյա Պուտինը, 2024 թվականին պաշտոնավարումն ավարտելուց հետո կստանա վեցական տարով եւս երկու անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու իրավունք: Ինչպես քննադատներից շատերն են ասում, եթե Ռուսաստանի ցարը գահը ստանում էր ցմահ որպես Աստծո պարգեւ, ապա ցմահություն իր համար Պուտինը ցանկանում է ապահովել սահմանադրությամբ եւ հանրաքվեով:

Սահմանադրական փոփոխությունների մեջ է մտնում նաեւ ամուսնության մասին օրենքը, որը հաստատում է, որ ամուսնությունը միություն է բացառապես տղամարդու եւ կնոջ միջեւ: Գիտակցելով համասեռականների նկատմամբ Ռուսաստանում տիրող հիմնականում մերժողական տրամադրությունը, այս կետը փոփոխությունների մեջ ընդգրկելով, Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է մեծացնել Պուտինին աջակցողների թիվը: Սահմանադրական փոփոխություններին ‘’այո’’ ասողների թիվն ավելացնելու նպատակով է նաեւ ընդգրկված այն կետը, ըստ որի երկրում նվազագույն աշխատավարձը չի կարող լինել պակաս, քան նվազագույն սպառողական զամբյուղը: Սա նշանակում է, որ կապահովվի թոշակների շարունակական աճ: Սա էլ նշանակում է, որ կմեծանա Պուտինի պաշտոնավարումը երկարաձգելու նպատակ ունեցող փոփոխություններին ‘’այո’’ ասողների թիվը:

Սահմանադրական փոփոխությունների փաթեթն իրականում ընդունվել է երկրի խորհրդրանի զույգ պալատների ու Սահմանադրական դատարանի կողմից, ինչպես նաեւ` հաստատվել Պուտինի ստորագրութամբ: Սակայն Պուտինն ինքն է արտահայտել նաեւ ժողովրդի հավանությունը հանրաքվեի միջոցով ստանալու ցանկություն: Մի բան, ինչը շատերը համարում են հակասական փոփոխությունների վրա ժողովրդավարության շղարշ քաշելու փորձ: Եվ այդ շղարշը քաշելու նպատակով մի կողմ է դրվում նույնիսկ կորոնավիրուսի տարածման վտանգը, երբ ամեն օր այստեղ գրանցվում է այս վարակի մոտ 7000 նոր դեպք:

Ինչպես Լոնդոնի ‘’Քեթըմ հաուս’’ վերլուծական կենտրոնի փորձագետներից Նիկոլայ Պետրովն է ասում, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն քաղաքական համակարգը փոխել այնպես, որ նրա դիրքերը ուժեղ որեւէ հաստատության կողմից չդառնան խոցելի: Ի դեպ, նախագահության ժամկետը եւս 12 տարով երկարաձգելու հնարավորությունը սահմանափակվում է միայն Պուտինով ու չի վերաբերելու հաջորդ նախագահներին: Այնպես որ, սա սահմանադրություն է` հատուկ մշակված ՊԱԿ-ի նախկին գործակալ Պուտինի համար:

Քարդիֆի համալսարանի դասախոսներից Սերգեյ Ռադչենկոն էլ շեշտում է, որ այս հանրաքվեն պարզապես խաղ է: ‘’Ռուսաստանի ընտրական համակարգը հայտնի է իր լայնածավալ կեղծումներով ու խախտումներով, այնպես որ դրա արդյունքը նախապես է որոշված, անկախ նրանից, թե ինչպես իրականում կքվեարկի ժողովուրդը’’, ասում է նա:

Մեծաթիվ վերլուծաբաններ են այն կարծիքին, որ Պուտինը ցանկանում էր օր առաջ անցկացնել այս հանրաքեն, քանի որ տեսնում է օր օրի կորցնող վարկանիշը: Նրան դեռեւս աջակցում է ժողովրդի մեծամասնությունը, սակայն եթե փետրվարին նրանց թիվը կազմում էր 69 տոկոս, ապա այսօր նրանք տասը տոկոսով պակասել են: ‘’Իսկ եթե հանրաքվեի ընթացքում պարզվի, որ չի ստացվում ցանկալի արդյունք, քվեատուփերն իրենց դռները կբացեն լցոնվելու համար’’, ասում են փորձագետները, հենվելով Ռուսաստանի նախկին փորձերի վրա:

Այս հանրաքվեն ‘’սահմանադրության ոտնահարում’’ է անվանում երկրի ընդդիմության առաջնորդներից Նավալնին, մյուսներն էլ հայտնում են համոզմունք, որ Պուտինը ցանկանում է կառչած մնալ իշխանությանը, քանի դեռ չի գտել իրեն հարման ու շատ վստահելի հետնորդ:

Շատերն են հիշում Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնեւին ու նրա երկար ու ձիգ կառավարման տարիները: Բրեժնեւը կառավարեց 18 տարի, ինչը խորհրդային ժողովրդի համար անվերջ էր թվում: Պուտինը ութ տարի կառավարել է 2000 թվականից մինչեւ 2008-ը եւ 2012-ից կառավարում է մինչ օրս եւ մինչեւ իր այս ժամկետի լրանալն արդեն կանցնի Բրեժնեւից:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ երկարատեւ իշխանությունն ապահովելուց հետո Պուտինը կորդեգրի ավելի կարծր արտաքին քաղաքականություն, Ռուսաստանի ազդեցության լծակները կփորձի ընդլայնել Սիրիայից մինչեւ Արկտիկական գոտի, երբ այդ ազդեցութան ոլորտն արդեն տարածվել է դեպի Լիբիա, Վենեսուելա եւ Ուկրաինա: Կա կարծիք, որ Պուտինն է՛լ ավելի զարկ կտա ռազմական արդյունաբերությանը, երբ արդեն հպարտությամբ է խոսում հիպերգերձայնային հրթիռների, միջուկային ստորջրյա դրոնների եւ միջուկային թեւեավոր հրթիռների մասին:

Եվս երկու ժամկետ ղեկը ստանձնելով, Պուտինը երկու տարով կանցնի 30 տարի կառավարած խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի ռեկորդից:

XS
SM
MD
LG