Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի խնդիրը` ԱՄՆ-ի Կոնգրեսում


Երբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում էր կորոնավիրուսի դեմ թեստավորումները կրճատելու իր որոշման մասին, ասում էր, թե ինքն այդ մասին է խոսում ամբողջ լրջությամբ: Նա ասում էր, թե վարակակիրների գրանցված թվերը կախյալ են կատարված թեստավորումների քանակից:

Սակայն Սպիտակ տունն ավելի ուշ փորձեց ստվերի տակ առնել Թրամփի այս հայտարարությունը: Եվ ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող Էնթոնի Ֆաուչին ասաց, իր թիմը նման հրահանգ նախագահից չի ստացել: ‘’Մենք մեծացնելու ենք թեստավորումների ծավալը’’, հայտարարեց նա:

Սակայն դեմոկրատներն այժմ շարունակում են իրենց մտահոգությունը հայտնել Թրամփի հայտարարության կապակցությամբ:

Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնն է ասում, ‘’Դեռեւս չի հաջողվել օրական թեստավորումների ծավալը հասցնել 900 հազարի, ինչը պահանջում են բժիշկները: Դեռեւս չունենք նաեւ շփման հետագիծն ուսումնասիրող ռազմավարություն’’:

Իսկ վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումը դեռեւս երկար ժամանակ է պահանջում: Ինչպես Ֆաուչին է հիշեցնում, առաջին փորձարկումները կսկսվեն եկող ամիս:

ԱՄՆ-ի օրենսդիրները նաեւ քննարկում են կորոնավիրուսի հետ կապված Չինաստանին պատժելու ուղիները:

Ինչպես սենատոր Լինդզի Գրեհեմն է ասում, ‘’Սա արդեն երրորդ համաճարակն է, որը դուրս է գալիս Չինաստանից: Բացի այդ Չինաստանը ժամանակին չհայտնեց աշխարհին այս վիրուսի բնույթի մասին: Նրանք սահմանափակել էին օտարերկրացիների մուտքը Չինաստան, սակայն թույլատրում էին չինացիների ճամփորդություններն աշխարհում’’, ասում է հանրապետական սենատորն ու ավելացնում, որ Չինաստանը լավ գիտեր մարդուց մարդ այս վարակի տարածման մասին, սակայն այդ մասին չէր հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Միացյալ Նահանգները շարունակում է աշխարհի մյուս պետություններին գերազանցել կորոնավիրուսով վարակված անձանց թվով: Այստեղ մինչ այժմ վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 438 հազարի: Հիվանդութանն այստեղ զոհ է գնացել ավելի քան 123 հազար մարդ:

XS
SM
MD
LG