Մատչելի հղումներ

Ներգաղթը սահմանային պատի ու վիզաների կրճատման միջոցով կասեցնելու Թրամփի ջանքերը


Արիզոնա նահանգում Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պատին մոտենալով` ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե այն ամենաուժեղ ու ամենասպառիչ սահմանային պատն է աշխարհում:

Արդեն կառուցվել է պատի 322 կիլոմետրը: Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է մինչեւ տարեվերջ ավարտել 725 կիլոմետրանոց հատվածը:

Բացի Մեքսիկայի հետ սահմանը պատով փակելու ջանքերին, Թրամփն աշխատում է նաեւ վիզաների միջոցով այստեղ արտերկրացիների մուտքը կրճատելու վրա: Շաբաթասկզբին նա ստորագրեց նախագահական հրաման աշխատանքային վիզաները դադարեցնելու մասին: Դրանց թվում է H-1B վիզան, որը տրվում է մասնագիտական մի շարք բնագավառների, օրինակ տեխնոլոգիական հարցերով մասնագետներին: Թրամփն ասում է, թե արտերկրացիների մուտքն այս կերպ խոչընդոտելու դեպքում համաճարակի այս պայմաններում աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություն կստանան ամերիկացնիները:

Նախագահական գործադիր հրամանն իր ազդեցությունն է գործում արտերկրյա հարյուր հազարավոր աշխատավորների վրա: Նրանց շարքում են ոչ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող եւ սովորաբար H-2B վիզայով ԱՄՆ ժամանող անձինք:

Ինչպես ներգաղթի հարցերով փաստաբան Հասան Ահմեդն է ասում, ‘’Հրամանը վերաբերում է նաեւ J տիպի վիզային, որը սովորաբար ստանում են օտարերկրյա այն երիտասարդները, որոնք այստեղ են գալիս որպես խնամակալներ աշխատելու, ուսանողների փոխանակման կարգով այստեղ ուսումը շարունակող անձինք, գիտնականներն ու հետազոտողները, ինչպես նաեւ օտարերկրյա բժիշկները’’: Նրա խոսքերով, արգելք է դրվում նաեւ L տիպի վիզաների վրա, որոնք տրվում են բիզնեսի պատասխանատու անձանց, բիզնեսի կառավարիչներին ու հատուկ գիտելիքներ ունեցող անձանց:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, սահմանային պատի մոտ Թրամփի ներկայությունը նպատակ ունի զարկ տալ նախընտրական նրա արշավին, որը մեծ հույսեր է կապում ներգաղթը կրճատելու հարցում իրեն աջակից ազգաբնակչության հետ:

Արիզոնա կատարած իր այցը Թրամփն ավարտում է մի ելույթով, որտեղ դատապարտում է իր մրցակիցներին` ասելով, թե ‘’Արմատական ձախերը ատում են մեր պատմությունը: Նրանք ատում են մեր արժեքները, այն ամենը, ինչը մենք համարում ենք ամերիկյան: Սակայն մենք ենք ճիշտը, քանի որ մեր երկիրը չի հզորացել նրանց միջոցով: Այն հզորացել է ձեզ հետ, ձեր օգնությամբ ու ձեր գաղափարներով’’:

Ասենք, որ Արիզոնա նահանգն ավանդաբար համարվել է վստահելի հենարան հանրապետականների համար: Սակայն վերջին ժամանակներս այն սկսել է վերածվել դեմոկրատների ու հանրապետականների միջեւ քաղաքական մարտադաշտի, եւ դեռեւս պարզ չէ, թե ինչ այն կասի նոյեմբերյան ընտրություններում:

XS
SM
MD
LG