Մատչելի հղումներ

Ռուս-ամերիկյան միջուկային բանակցությունները՝ արդյունավետ էին. ԱՄՆ բանագնաց


Մարշալ Բիլինգսլի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Մարշալ Բիլինգսլի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Վիեննայում անցան ռուս-ամերիկյան բանակցությունները միջուկային զենքի վերահսկման հարցերի շուրջ: Դրանց նպատակն է նոր համաձայնագրի մշակումը գործող NewSTART համաձայնագրի փոխարեն, որի ժամկետը լրանում է փետրվարին

Այս համաձայնագիրը վերջին գործող փաստաթուղթն է երկու միջուկային տերությունների միջև: Ամերիկյան կողմից բանակցող Մարշալ Բիլինգսլին բանակցությունները որակել է ՛՛արդյունավետ քննարկումներ՛՛:

՛՛Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք ռուսական կողմի հետ: Այնքան արդյունավետ, որ եկել ենք համաձայնության մի շարք աշխատանքային խմբեր ձևավորելու հարցում, որոնք պետք է մշակեն միջուկային զենքի վերահսկման եռակողմ ապագա համաձայնագիրը՛՛,- ասում է ԱՄՆ նախագահի բանագնաց Մարշալ Բիլինգսլին:

Կողմերը նախատեսում են բանակցությունների հաջորդ փուլը իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: NewSTART պայմանագիրը սահմանափակում է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հեռահար միջուկային հրթիռների թվաքանակը: Համաձայնությունը կնքվել է 2010 թվականին, սակայն սահմանափակումները ուժի մեջ են մտել միայն 2018 թվականից:

Պայմանագիրը քննադատել են Չինաստանին չընդգրկելու համար: Բիլինգսլինն ասում է, որ նոր պայմանագիրը պետք է անպայման ներառի Չինաստանը և վերաբերելու է բոլոր միջուկային զենքերին:

՛՛Ապագա միջուկային զենքի վերահսկողությունը պետք է անդրադառնա բոլոր միջուկային զինատեսակներին: Եթե Սառը պատերազմի օրերին իմաստ կար խոսելու ռազմավարական և ոչ ռազմավարական զինատեսակների մասին, ապա այսօր իրավիճակը փոխվել է, և մենք դիտարկում ենք ամեն մի միջուկային հրթիռ որպես ռազմավարական՛՛,- նշում է Բիլինգսլին:

Բանագացի խոսքերով Չինաստանը մերժել է Վիեննայի բանակցություններին մասնակցելու ԱՄՆ-ի հրավերը: Նա հույս է հայտում, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Չինաստանի վրա՝ այս ձևաչափում ընդգրկվելու համար:

Ռուսաստանը, որի պատվիրակությունը երկուշաբթի երեկոյան վերադարձավ Մոսկվա, դեմ չէ Չինաստանի ընդգրկմանը բանակցություններում, սակայն ցանկանում է, որ այս ձևաչափում ընդգրկվեն նաև եվրոպական միջուկային տերությունները՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Facebook Forum

XS
SM
MD
LG