Մատչելի հղումներ

Սմիթսոնյան թանգարանը հավաքում է ցույցերի պաստառները` որպես պատմական նմուշներ


Վերջին շրջանում ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերն ու հանրահավաքներն ընդդեմ ռասայական խտրականության, բազմաթիվ պատմական նյութեր են ստեղծել, որոնցով հետաքրքրված են պատմաբանները

ԱՄՆ-ում ընթացան վերջին տասնակյակների աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ ռասայական խտրականության և աֆրոամերիկացիների իրավունքների, որոնց նախորդել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը ոստիկանության գործողությունների արդյունքում: Ցույցերին օգտագործվում էին բազմաթիվ պաստառներ` պատրաստված ցուցարարների կողմից, որոնք տեղադրվել էին Սպիտակ տունը արգելափակող ժամանակվոր ցանկապատի վրա:

Ակտիվիստ Քելեչ Էգվիմն ասում է, որ մարդկանց ցավն ու երկար տարիների պայքարը հնարավորություն են տվել ինքնադրսևորվել և ստեղծել նման արվեստի նմուշներ, ուր արտացոլված են մարդկանց հույզերն ու մտքերը:

Հետագայում այս պաստառները տեղափոխվեցին Սպիտակ տնից ոչ հեռու մեկ այլ վայր, երբ ժամանակավոր ցանկապատը վերացվեց: Աֆրոամերիկյան պատմության և մշակույթի սմիթսոնյան ազգային թանգարանը հետաքրքրված է այս պաստառների հավաքագրմամբ որպես պատմական նմուշներ: Այն ստեղծել է հատուկ խումբ, որը զբաղվում է այս հարցով:

Խմբի հիմնական գործառույթն է վավերագրել երկրում և աշխարհում ընթացող զանգվածային բողոքի ցույցերը, որոնք բռնկվեցին Ֆլոյդի մահից հետո, ասում է խմբի աշխատանքները համակարգող Աարոն Բրայենթը: Նա ընդգծում է՝ մշակույթի այս նմուշների հետևում իրական մարդիկ են և նրանց ձայնը, որն այս կերպ հնարավոր է միավորել:

Թանգարանը հույս ունի, որ վերջին այս զարգացումները թույլ կտան ծավալել անկեղծ երկխոսություն ռասայական խտրականության շուրջ: Բրայանթի կարծիքով երկիրը վերապրում է անցումային պատմական մի փուլ, որը պարտադրում է անկեղծ երկխոսություն հանուն առաջընթացի:

Մերիլանդի բնակիչ Լեքեյշա Դեյմսն էլ հույս ունի, որ այս պաստառներն ու գրառումները մեկ օր իրենց արժանի տեղը կգտնեն աֆրոամերիկյան պատմության սմիթսոնյան ազգային թանգարանում որպես պատմական նմուշներ, որոնք արտացոլում են իրենց պատմական ժամանակաշրջանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG